«Պարո՛ն վարչապետ, ես ստվերի դեմ պայքարի հավատացյալ նվիրյալներից եմ»…

Խոսրով Հարությունյանի՝ ԱԺ նիստում Նիկոլին ուղղված
հարցի «ուվերտյուրան»


Տեսա՞ք՝ ի՛նչ արեց: «Ստվերի դեմ պայքարի հավատացյալ նվիրյալը», «քաջ առաջամարտիկը» վերջին վագոնն իրեն գցելու ի՜նչ վիրտոոզ ցատկ էր, ժողովո՜ւրդ, արեց: Գնացքը, թվում էր, արդեն գնացել է, դժվար էլ հասնի, բայց ինքը ցատկե՜ց, ինքը հասցրե՜ց:

Պարզվում է՝ Խոսրով Հարությունյանը, «փոքրուց», ստվերի դեմ պայքարի հավատացյալն ու նվիրյալն է եղել: Ինքն ստվերից նե՜նց ալերգիա ունի, որ իր ստվերից էլ ալերգիա ունի: Չէր ուզում ասել, բայց որ խոսքը եկել է, պտի ասի. ինքն անգամ ի՛ր ստվերի հետ է անհաշտ պայքար մղում: Իսկ ինչ վերաբերում է էն «գլոբալ» ստվերին, ապա ինքը դրանից ուղղակի զզվում է. համ զզվում, համ անհաշտ պայքար է մղում: Բայց որ էդ անհաշտ պայքարը մղի, էդ ստվերի հետ լա՜վ էլ հաշտվել, լա՜վ էլ հաշտ ապրում, հետներն աշխատում, գոյատևում է ու ոչ ստվերի աչքից է, թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ, ցօրս ընկել, ոչ էլ իր գտած նոր «լուսատուի» աչքից հույս ունի, թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ, որ հիմա ընկնի:

Ջա՜ն…

Սովորեք, է՜, անփո՛րձ ջահելներ, ի՛նչ է նշանակում կոմունիստական կաթսայում եփվել, ի՛նչ է նշանակում կոմունիստական հնոցում բովվել: Տեսնում եք, թե ինչ հրակայուն, ինչ մրակայուն, ինչ ջրակայուն, ինչ քխակայուն մատերիալ է արդյունքում ստացվել: Վիրտուոզ կերպով տեղում ակնարկեց, որ ինքն էլ է «դուխով», ուղղակի մինչև հիմա համեստություն էր անում ու լռում, ապա դրեց, մի քանի վայրկյանում իրան, իրա գործերը նորից լրիվ դզեց: Խոսրովի՝ «Հանրապետական» ո՜ղջ խմբակցությունը հորիզոնը հատեց, լրիվ «դուրս գրվեց», Խոսրովն էլի իրեն թափ-թազա մի նոր հորիզոն վռազ նշմարեց…

Ջա՜ն…

Քանի Նիկոլը, Խոսրովի տեսակետից, 100 տոկոսանոց հեռանկար չէր, Խոսրովը Նիկոլին դեռ հարց չէր տալիս, հիմա իր ծանր տեղը թեթևացրեց, եկավ ու ոչ միայն Նիկոլին հարց տվեց, այլև մինչև հարց տալը իրե՜ն ներկայացրեց ու ո՜նց ներկայացրեց: Հապա լսեք, թե Խոսրովը ո՜նց իրեն ներկայացրեց. չեմ կարող ախր նորից չկրկնել. «Պարո՛ն վարչապետ, ես ստվերի դեմ պայքարի հավատացյալ նվիրյալներից եմ»…

Խոսրովի հարցի էս ուվերտյուրան, էս չքնաղ արիան առաջարկում եմ մտցնել հայոց երեսփոխանների երեսպաշտական գլուխգործոցների ոսկյա, գոհարյա, ադամանդյա ֆոնդ: Սա քաղաքական վիրտուոզ տրյուկների վե՜րջն էր, ժողովո՜ւրդ: Ոնց որ Պանիկովսկին սագի տոտիկի առթիվ Շուռային կասեր՝ սա «օ՜պերա էր»: Չքնաղ ա՜րիա էր, Լուչանո Պավարոտիի կատարմամբ հնչած ցանկացած արիա ստվերում թողնո՛ղ չքնաղ արիա էր:

Ջա՜ն, Խոսրո՛վ ջան, ջա՜ն…

Առաջարկ ունեմ: Այսուհետ ցանկացած հակակոռուպցիոն հանձնաժողով անվանել այսպես՝ «ՀՀ ստվերի դեմ եղած պայքարի հավատացյալ նվիրյալ Խոսրով Հարությունյանին նվիրված հանձնաժողով»…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ