Դեռևս ամիսներ առաջ սկսված քաղաքական և կուսակցական դավանափոխությունն ընդունում է էլ ավելի հետաքրքիր ընթացք՝ դրամատիկ և հուզախառն դրվագներով, կցկտուր և անհասկանալի բացատրություններով։ Այլևս «կրոնափոխ» հանրապետականների կողքին կտեսնենք պայմանականորեն «սպիտակների», ովքեր առաջիկա դեկտեմբերյան ընտրությունների համար վերադասավորվում են կամ «լուսավոր ապագայի» համար էլ ավելի հարմար են դիրքավորվում՝ ձևավորվելիք ԱԺ-ում միանշանակ ներկայություն ամրագրելու ակնկալիքով։

Հանրապետականների դեպքում այս երևույթն անվանվեց «դարձի գալ», իսկ «սպիտակների» դեպքում երևի ավելի ճիշտ կլինի կոչել «լուսավորի համար մտածված խաղադրույք» կատարել։ Եվ զուր են նեղմիտ պարզաբանումներն ու երեսփոխանի մանդատի վրա թքած ունենալու երդումները: Զուր են, թեպետ էյֆորիկ տրամադրությունները դեռ չհաղթահարած հասարակական մի շերտ ակնհայտ քաջալերում է մեկմեկու մեջքից հարվածելու և մեկմեկու թիկունքում առևտուր անելու ոմանց գործելաոճը՝ ստվերելով անգամ հեղափոխության առաջին շարքերում պայքարած և ազնիվ քաղաքական վարքագիծ դրսևորած գործիչներին։
Նմանօրինակ երևույթի մասին է Հայկ Կոնջորյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լքելու և Նիկոլ Փաշինյանի թիմին անդամագրվելու պատմությունը։ Իր իսկ խոսքերով՝ երիտ․քաղ․գործիչը հավատում է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը պայծառ ապագայի գլխավոր շանսն է, ես կասեի՝ իր միակ շանսն է, որից շտապել է ամուր կառչել պատգամավորը։ Շատ ցավալի է տեսնել, որ «ապագայի և անցյալի կռվում» անմիջականորեն մասնակցություն ունենալու համար պետք է անցյալի ուրվականներին բնորոշ քայլեր ձեռնարկել՝ կուսակցությունից կուսակցություն վայրուվերումներով, սեփական ամբիցիաներին հագուրդ տալու ճանապարհին՝ ճամբարափոխ լինելով։ Կոնջորյանի Facebook-յան գրառումից փոքրիկ մեջբերում․«Ես իմ ուղղակի և անվերապահ աջակցությունն եմ հայտնում Նիկոլ Փաշինյանին և հեղափոխությանը Հայաստանի համար այս բախտորոշ ժամանակներում և իմ քաղաքական գործունեությունը իրականացնելու եմ հեղափոխության թիմի հետ միասին, որովհետև մեր պետության նավը դուրս է եկել ծով, որը լի է փոթորիկներով և ծովահեններով, իսկ առագաստը պիտի պահել ամուր, որովհետև նավը պիտի հասնի մեր երեզանքների ափին»։

Քաջ գիտակցելով, որ այսօր իշխանական թևին միացած ուժերին անշնորհակալ գործ է քննադատելը կամ մի ավել «թթու» խոսք ասելը, սակայն գոնե զարմանքս կարող եմ արտահայտել։ Ինչքան վատ վիճակում է եղել մեր երկիրը ու ինչքան վտանգված մեր պետականությունը, որ քաղաքականության մեջ հաշված ամիսների «ստաժ» ունեցող դելետանտը «առագաստն ամուր պահելու» հայտ է ներկայացնում։ Համոզված եմ՝ նոր շրջափուլ թևակոխած Հայաստանին փոթորիկները հաղթահարելու համար պետք են ազնիվ աշխատող գործիչներ, ովքեր բացառում են պատեհապաշտությունն ու երեսպաշտությունը։

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ