Նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հայտարարել է, որ իր կողմից ստեղծվող «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը խորհրդարանում ներկայացնելու է Գյումրին և «սիրելի» գյումրեցիների խնդիրները։ Ավելին՝ Հովհաննես Մարգարյանը հանդես է գալու որպես ընդդիմադիր ուժ, բայց միևնույն ժամանակ աջակցելու է Նիկոլ Փաշինյանին։ Այս բարձրագոչ հայտարարությունների մասին թող դատողություններ անի ընթերցողը, իսկ Մարգարյանի քաղաքական կերպարը, որ 15 տարիների հիշարժան պատմություն ունի, ներկայացնենք մենք:

2003թ․«Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով Ազգային ժողովում հայտնված «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Հովհաննես Մարգարյանը միանգամայն գոհ էր իր ճակատագրից, սիրելի աշխատանքից և սիրելի գյումրեցիներից, ովքեր, ըստ երեսփոխանի, իրենց վստահության քվեն տվել էին իրեն և գործուղել մայրաքաղաք՝ Ազգային ժողով՝ պաշտպանելու նույն այդ «սիրելի ժողովրդի» շահերը։

Իրազեկ քաղաքացիներն անշուշտ կհակադարձեն, որ նախկին պատգամավորը երբեք մեծամասնական ընտրացուցակով չի ընտրվել, հետևաբար «վստահության քվեն» շեշտելը տեղին չէ, եթե չասենք նույնիսկ անբարո է: Լիովին ճիշտ դիտողություն, սակայն ինչևէ: 2017թ. Հովհ. Մարգարյանը խորհրդարանական ընտրություններում ՕԵԿ-ի հետ միասին լքեց ընտրյալների շարքերը և տեղ գտավ ոչ թե պահեստայինների, այլ պահեստավորվածների նստարանին, թեպետ վերադարձի հույսերը կրկին վերհառնելը երբեք չեն մարել թե՛ կուսակցության ներսում, որը նրա անմահ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի վկայմամբ օրական հարյուր-հազարավոր նամակներ է ստանում քաղաքական կյանքում ավելի գործուն մասնակցություն ստանձնելու համաժողովրդական խնդրանք-աղերսների տեսքով, թե՛ Հովհաննես Մարգարյանի խռովահույզ սրտում ու հոգում, ով կենդանի-կենդանի խորովվում է ազգին ու մասնավորապես «սիրելի» գյումրեցիներին ծառայելու նվիրական ցանկությունից, ոտով-գլխվ իրեն ժողովրդի բարօրությանը նվիրաբերելուց։
Հնարավոր է, որ քաղաքական անցուդարձին քաջածանոթ քաղաքացիները նորից ընդհատեն ինձ՝ հիշեցնելով, որ երկար տարիներ պատգամավորական մանդատը հպարտությամբ կրող Մարգարյանը բավական ժամանակ ուներ իր «սերն ու հոգատարությունը» կոնկրետ գործերով ապացուցելու համար, սակայն դրանք վերամբարձ ելույթներից այն կողմ այդպես էլ չանցան: Ու էլի պետք է համաձայնեմ, որ նկատառումը տեղին է, քանզի հետադարձ հայացք ձգելով ոչ վաղ անցյալ՝ հասկանում ենք, որ Հովհաննես Մարգարյանի երկար տարիների պատգամավորական գործունեության առանցքում միայն ու միայն բոցաշունչ ելույթներն էին, որոնք Գյումրու համով բառն ու բանի երբեմն հաջողված օգտագործմամբ միտված էին պարզապես հասարակության լսելիքը շոյելուն:

Իհարկե, ընտրություններից 6-7 ամիս առաջ վերջինս խորհրդարան մտնելու հայտ էր ներկայացնում Գյումրու լուսավոր ապագայի մասին իր տեսլականով ու առաջարկություններով՝ սրտի խորքում համոզված լինելով, որ դրանցից և ոչ մեկը իրատեսական չէր, բայց դա երբեք չի մտահոգել Հովհաննես Մարգարյանին։ Նրա համար շատ ավելի կարևորը խոսելն էր, քամի անելը, վերևներին հասարակ մահկանացուների դարդ ու ցավին թվացյալ հաղորդակից դարձնելը, հասարակության հոգսի ու ցավի խոսափող ներկայանալը։

Հետաքրքիր է, որ սույն միմոսությունը կողմերին հավասարապես ձեռք էր տալիս: Ի դեմս Հովհաննես Մարգարյանի, վերևն ունենում էր «ծափ-ծլնգոց, մեջը զնգոց» դատարկ հնչող զանգ, հարաբերական ներքևն էլ, որտեղ միայն ինքն էր, բնականաբար ի դեմս Հովհաննես Մարգարյանի ու ոչ թե ժողովրդի, ունենում էր իր անձնական խնդիրները սահունորեն առաջ տանող «հոպար»:

Հովհաննես Մարգարյանի քաղաքական գործունեության հիմքում նաև երբեմնի կուսակից ընկերոջ՝ Սամվել Բալասանյանի հետ կատաղի մրցակցությունն էր, ով առաջնորդվելով «նեղ-անձնական շահերով»՝ հեռացավ ՕԵԿ-ից ու դավաճանեց նախկին ընկերներին։ Ու թեև Մարգարյանն իր տեսակով «սևացնող» չէ, բայց ցանկացած հարմար առիթի հիշում է «որոշ դավաճանների, հանուն իրենց շահի ընկերություն, աղուհաց ուրացող, գրկից գիրկ թռնողների», որոնք իր անձի նկատմամբ «նենգություն և զրպարտություն են իրականացնում»։

Այդ «նենգության ու զրպարտութան» պատճառով վերամբարձ հորջորջմամբ ՀՀ քաղաքական և պետական գործիչ, որպես զտարյուն գյումրեցի ներկայացող Հովհաննես Մարգարյանը հավերժ դաջվել է ժողովրդի հիշողության մեջ որպես պայքարող հայի տեսակ։ Դա պայքարն էր հանուն արդարության և «անբիծ» անվան վերականգման, որ սեփական կենսագրության տեսքով մղձավանջի վերածված հետապնդում է Մարգարյանին մինչ օրս։ «Կաթի փոշու» իր ընկալմամբ տխրահռչակ պատմությունը վերջինիս աքիլլեսյան գարշապարն է, որ զենք է դարձել «չուզողների» ձեռքին։
Ամեն ընտրությունների նախաշեմի այս սկանդալային միջադեպը ջրի երես է դուրս գալիս և ստիպում Մարգարյանին առերեսվել «ժաժկի թվի»
տհաճություն պատճառող հիշողությունների հետ։ Իսկ այս անհարմարություն պատճառող կենսագրական «աննշան» դրվագը եղել է այսպես. երկրաշարժի տարիներին Մարգարյանը (ըստ «չուզողների» հերյուրանքների ու բամբասանքների), լինելով Գյումրու հրուշակեղենի ֆաբրիկայի տնօրեն, յուրացրել է աղետի գոտուն օգնություն ուղարկված 8 տոննա կաթի փոշին։ Ու այս «չնչին ու ճղճիմ» զրպարտանքը դարձել է որոշ «աննամուսների», «էժանագին թալանչիների և պնակալեզ շակալների» մատի փաթաթան, որ 25 տարի շարունակ փորձում են պախարակել Մարգարյանի բարի անունը։ Վերջին անգամ բանը հասավ ընդհուպ մինչև դատական ատյաններ։
2017թ․Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ, որին մասնակցում էին «Հայկական վերածնունդ» և «Գյումրեցու ոգի» կուսակցությունները, «Գյումրեցու ոգի» կուսակցությունը քարոզարշավի վերջին ժամերին տեղի 3 հեռուստաընկերություններով պատվիրել էր եթեր հեռարձակել «Ճանաչի՛ր» վերնագրով տեսանյութը՝ նվիրված վերևում հիշատակված կաթի փոշու մութ գործին։

Նման «հուդայական» արարքը թերևս լցրեց համբերության բաժակը, և Մարգարյանին ստիպեց դիմել «դիվան բաշուն»՝ դատարան՝ մեկընդմիշտ ազատվելու համար այդ թվացյալ անհիմն մեղադրանքից։

Հավանաբար Մարգարյանին դատարանում հաջողվեց մեկընդմիշտ «փակել» այս գործը, բայց արի ու տես, որ երկրաշարժ ապրած ու աղետի գոտում «դոմիկների» մեջ տասնյակ տարիներ գոյություն քարշ տված գյումրեցին վաղուց չի հավատում գյումրեցուն նվիրված վերամբարձ ճառերին, սին խոստումներին, կոռումպացված դատարաններին, քաղցրալեզու մեծապատիվ մուրացկաններին և աղետ ապրած ժողովրդի կաթի փոշին յուրացնողներին։

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ