Թուրքիայում մահացել է նշանավոր պոլսահայ գործարար Ղազարոս Ունանը, գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը։

Ունանը համարվում էր երկրի ամենախոշոր գործարարներից մեկը և հանդիսանում փողկապների արտադրությամբ զբաղվող «ԴՅՈԻՔ» հայտնի ընկերության հիմնադիրը։ 1999-ին հիմնադրված հայտնի «ԴՅՈԻՔ» բրենդը մինչ օրս փողկապներ է արտահանում Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Նիդեռլանդներ, Ռումինիա, Եգիպտոս, Հորդանան, Հունաստան և այլ երկրներ։

Ստամբուլի հայկական պարբերականներից «Ժամանակը», հայտնելով Ունանի մահվան լուրը, ընդգծել է, որ 1934 թվականին Կ․Պոլսի Բեյօղլու շրջանում ավանդական հայկական ընտանիքներից մեկում ծնված Ունանը խորհրդանշական անուն էր ստամբուլահայ համայնքի համար և Թուրքիայի, թերևս, «ամենահավակնոտ գործարարներից» մեկը։

Հայտնի է, որ Ունանի հոգեհանգիստն անցկացվելու է Ստամբուլի Բեյօղլուի Բալըքփազարը թաղամասի հայկական Երեք խորան եկեղեցում։