63 կողմի տեղ «տաբլոն» 62 կողմ ցույց տվեց:
Հաստատ էլի Սամոն էր՝ սեփական դարպասը «շշկռվեց»-խփեց:
Հաստատ՛:
Էն անգամվա պես էլի «շշկռվել», ուրիշ կոճակ ա, մատը տարել, սեղմել: Թե չէ ինչո՞ւ պիտի հենց մի՛ ձայն պակասեր:
Հաստատ, մատից չէ, այլ կոճակից է ու էդ գայթակղիչ կոճակը հաստատ կարմիր է: Ինքն էլ՝ ապարանցի տղա, էդ անտեր կարմիրը հա՜ իրան շեղում, մատը ձգում է, իրենով անում:

Եւ այսպես, Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթն էլի… «փաթաթվեց» իրանց «վիպուսկնոյին» պատրաստվող «շրջանավարտ»-պատգամավորների կողմից:
Բայց իմ գլխավոր վախը ուրիշն է. վաղն էլի Սամոն պտի քվեարկի: Թե իրականո՛ւմ «դեմ» քվեարկելու կոճակը կարմիր է, ուրեմն օրենքով Սամոն էլի պտի դեմ քվեարկի:

Բայց մի վտանգ կա:
Բա որ «հակահեղափոխականները» Սամոյի կոճակները դնեն թարս ներկեն, ու Սամոն էլի կարմիրը սեղմի՞, բայց վերջը պարզվի, որ կողմ է քվեարկել վարչապետի թեկնածությա՞նը:
Ու նաև պարզվի, որ հենց էդ օրը «հակահեղափոխականներն» իրենց խոսքից անցել, իրանք էլ են կողմ էս անգամ քվեարկե՞լ:
Այ ստեղ արդեն Սամոն տակից դուրս չի գա, քանզի իր ձայնը ոչ թե վճռորոշ, այլ բախտորոշ կըլնի: Ու էդ օրվանից «Երևան Սիթին» կվերանվանվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեին առընթեր «Ապարան Սիթի» պետական հանրախանութ (ԳՈՒՄ):

Եւ ուրեմն եկե՛ք հիշեցում անենք ոչ միայն իրեն, այլև մյուսներին, ովքեր վաղը պիտի իրականացնեն վճռորոշ ու պատմական քվեարկությունը. տիկնա՛յք և պարոնա՛յք և անձամբ դո՛ւ՝ պարոն Սամվել Ալեքսանյան, եթե էս անգամ էլ մատներդ տարաք էն կոճակին, որին, ըստ ձեր խոստումի, չպետք է տանեիք, դրանից ուղիղ 10 րոպե անց ձեզ Աժ այգում ժամադրության է հրավիրում մոտ 100-120 հազարանոց ժողովուրդ:
Աշխատեք՝ չուշանաք, ու հանկարծ չլինի՝ չգաք, քանզի ով ուշացավ, և ով հանկարծ չեկավ, իրենց որպես ամենաթանկագին ու սպասված հյուրի «ձեռքերի վրա կբերեն» բաղձալի էդ ժամադրությանը:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ