Զարմանալի բան է ժողովուրդը: Զարմանալի համբերատա՛ր բան: Բայց նաև զարմանալի դաժան հիասթափության է տիրապետում այդ նույն համբերատարը՝ ժողովուրդը: Բայց կարծում եմ՝ դժվար գտնվի մեկը, ով, տեսնելով «մաժոր» իրենց հռչակած տղերքի ինքնաբավ ժպիտը, իրենում պահպանի համբերության վերջին այդ խլյակն անգամ:

«Մաժոր» տղերքը շարունակում են խցիկի առաջ «հոլիվուդյան ժպիտով» կեցվածք ընդունել ու այդ կեցվածքով բոլորին հայտնել, որ իրենց հլա փորձե՜ն մի հատ մատով կպչել, որ իրենք Սերժի ախպոր տղերքն են, որ իրենք լրի՜վ ուրիշ տղերք են, որ իրենք անգամ տղե՜րք էլ չեն, իրենք «դիցաբանական կիսաստվածներ» են, ու հասարակ մահկանացուները, որ իրենց խմած «նեկտարի» ու իրենց կերած «ամբրոսի» չտես մի կոնտինգենտ են, դժվար իրենց էդ անսնունդ հալով իրենց կարենան ինչ-որ բան անել:

Ու գիտե՞ք, առայժմ իրենց լա՜վ էլ հաջողվում է, անպատժելի մնալ ու իրենց խոսքի տերը մնալ: Ու մարդկանց նյարդեր լա՜վ փչացնել:
Բանն այն է, որ հեղափոխությունը, սիրելի՛ ժողովուրդ, ավա՜ղ, դեռ չի ավարտվել: Դեռ «մաժորները» «մինոր» չեն դարձել: Եւ մյուս բանն էլ այն է, թանկագի՛ն ժողովուրդ, որ էդ «մաժորներին» «մինոր» սարքելու գործին ամենից լավ հենց դո՛ւ ես տիրապետում: Հազար հոյակապ ԱԱԾ ու հազար հոյակապ ՀՔԾ լինի, քեզնից լավ ոչ ոք չի կարենալու գլուխ բերել էդ շատ կարևոր գործը: Էդ «մաժորների» վերադաստիարակության գլխավոր հույսը այսօր դարձյալ դու ես, ժողովո՛ւրդ: Իսկ քանի դեռ դու չես ձեռնամուխ եղել էդ գործին, հա՜ ֆռֆռալու ու քո համբերության սահմանն են որոնելու՝ մտածելով, թե սահմանն էդ չկա, թե անսահման է համբերությունդ:

Ու առայժմ դու, և՛ սիրելի, և՛ թանկագին ժողովուրդ, համբերատար տանում ես դրանց: Դեռ համբերությանդ սահմանը դրանք չեն հատել:
Դե ինչ, տա՛ր, մինչև որ էլ չկարենաս տանել:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ