Ծագումով իսպանացի, գրաֆիկական նկարիչ, քանդակագործ եւ դիզայներ Պաբլո Պիկասոն իր անսովոր աշխատանքներով սկզբում պարզապես ապշեցնում էր հանդիսատեսին, իսկ հետո մեծ ազդեցություն ունեցավ XX դարի ողջ գեղարվեստի վրա: Նա դարձել է կուբիզմի հիմնադիրը` մարդուն պատկերելով որպես համակցված հարթությունների շարք: Սրանով հասնում էր, ինչպես ասում էին, տգեղ նմանության: Սրանով էլ հիացնում էր: Նա ասում էր, որ աշխարհը պատկերում է, ինչպես պատկերացնում է, այլ ոչ թե ինչպես տեսնում է: Այն ավելի արժեքավոր է, հենց դա է ամենաբարձր արվեստը: Նրա աշխատանքները ճանաչվել են որպես ամենաշատ պահանջարկ ունեցող եւ դարձել են աշխարհում ամենաթանկ գնահատվածներից:



Պաբլոն նկարչության ուսուցիչ Խոսե Ռուիզի որդին էր, ներկերն ու վրձիններն ուղեկցել են նրան դեռ մանկուց: Կյանքն Իսպանիայի հարավում` գունագեղ հին Մալագայում, որտեղ ցլամարտերը հավաքում էին քաղաքի գրեթե բոլոր բնակիչներին, բնության պայծառ գույները իրենց հետքն են թողել Պիկասոյի արվեստի վրա:

Իր առաջին «Պիկադոր» յուղանկարը Պիկասոն նկարել է 8 տարեկանում` նվիրելով այն ցլամարտին: Նա երբեք չէր բաժանվում այդ նկարից, այն իր թալիսմանն էր: Բացի այդ, եթե ինչ-որ բան նրան դուր էր գալիս, նա դառնում էր դրա ստրուկը, օրինակ, իր սիրելի վերնաշապիկը նա հագել է մինչեւ ծակվելը:



Նա սեւաչյա, կարճահասակ եւ ամրակազմ տղա էր, չափազանց հավակնոտ եւ շատ սնահավատ: Պատմում են, որ մի անգամ հայրը խնդրել է 12-ամյա որդուն ավարտել աղավնիներով նկարը: Պիկասոն այնքան է տարվել, որ ստեղծել է իր սեփական նկարը: Երբ հայրը տեսել է այն, զարմանքից ապշել է: Նա երկար ժամանակ չի կարողացել ուշքի գալ, իսկ հետո որդուն է տվել ներկապնակը, ներկերը եւ այլեւս երբեք դրանք չի վերցրել իր ձեռքը` թողնելով նկարչությունը:

Երբ 1894 թվականին ընտանիքը տեղափոխվում է Բարսելոն, Պաբլոն ընդունվում է գեղարվեստի դպրոց: Իր աշխատանքները սկսում է ստորագրել մոր ազգանվամբ` Պիկասո: Գեղանկարչության մեջ շատ բան նրան հեշտությամբ էր տրվում, նա արագ էր նկարում: Շփվելով իր գործընկերների, երիտասարդ նկարիչների հետ եւ համեմատելով իր նկարներն ուրիշների հետ` նա տեսնում է, որ իր արվեստն ավելի պայծառ է, գունեղ ու հետաքրքիր: Ահա այսպես աստիճանաբար նա սկսում է գիտակցել իր բացառիկությունը: Բայց նա հասկանում էր, որ նկարչի ճանապարհը դեպի փառքի գագաթը երկար է ու դժվար: Այստեղ նրան օգնության է գալիս փառասիրությունն ու բոլոր միջոցներով Օլիմպոսը գրավելու ցանկությունը:




Նա ենթարկում է իր կյանքը մեկ գաղափարի․ ցուցաբերել անձնուրացություն, կարգապահություն, հանձն առնելով կատարել ցանկացած աշխատանք, որը թույլ կտար նրան ազատ ստեղծագործել:

1900 թվականին Պիկասոն ընկերոջ հետ մեկնում է Փարիզ, որտեղ տաղանդավոր նկարիչներ էին հավաքվում, արվեստի նոր միտումներ ծնվում, այնտեղ իմպրեսիոնիստներն էին ստեղծագործում: Փարիզում նա աշխատում է քրտնաջանորեն եւ ուսումնասիրում ֆրանսերենը: Մեկ տարի անց Պիկասոն ցուցադրում է իր աշխատանքները հայտնի կոլեկցիոներ Վոլլարի պատկերասրահում:

Ընկերոջ ինքնասպանությունը մեծ ազդեցություն է գործում Պիկասոյի վրա: Նրա աշխատանքներում ակամայից սկսում է գերիշխել կապույտը, երբ նա նկարում է մռայլ պատկերներ, երբ նրա հերոսներն աղքատներ էին, կույրեր, հարբեցողներ ու մարմնավաճառներ, ինչպես օրինակ, «Աբսենտի սիրահարը» կտավը: Բայց կապույտ ժամանակաշրջանը փոխվում է վարդագույնի` այսպես է հայտնվել նրա հայտնի «Աղջիկը գնդի վրա» նկարը:

1907 թվականին նա հանդիպում է նկարիչ Ժորժ Բրակին: Շուտով նրանք միասին հեռանում են նատուրալիզմից` հորինելով գեղանկարչության նոր ձեւ` կուբիզմը, որի մասին վերն արդեն ընդհանուր գծերով խոսել ենք: