Զրուցակիցս Բելառուսում կայացած պլեների մասնակից, գեղանկարիչ
Աշոտ Ազատյանն է:

 

-Պարոն Ազատյան, ներկայացրեք պլեներն իր ողջ շուքով:
-Բելառուսական կողմի հրավերով և Հայաստանի նկարիչների միության առաջարկով սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 4-ը մասնակցեցի Բելառուսում ավանդաբար կազմակերպվող միջազգային պլեներին: Տասն օրվա ընթացքում հասցրեցինք բավականին բան տեսնել, նոր մարդիկ, նոր նկարիչներ, փորձի փոխանակում և այլն: Ներկա էին նկարիչներ Բելառուսից, Ռուսաստանից, Վրաստանից, Չինաստանից, Հայաստանից, Իսրայելից և Ադրբեջանից՝ շուրջ քսան ստեղծագործող: Կազմակերպիչը Մոգիլյով քաղաքի իշխանություններն էին: Եղանակը անձրևային էր, բայց ամեն օր աշխատում էինք արվեստանոցում, բարենպաստ եղանակի դեպքում, բնականաբար, նկարում էինք բնության գրկում: 

-Յուրաքանչյուր պլեներ իր պայմաններն ունի: Ի՞նչ պայման էր 2018-ի պլեներին ներկայացվել:
-60x80, 70x90 և 100x80 չափերով երեքական նկար պիտի ավարտեինք և նվիրեինք կազմակերպիչ կողմին: Ստեղծագործում էինք լիովին ազատ: Ով, ինչ կամենար, այն էլ նկարում էր: Ստեղծված աշխատանքները դարձան Մոգիլյով քաղաքի թանգարանի սեփականությունը: Ինքս զուգահեռաբար մի քանի ուրվանկար պատրաստեցի, մեկը մնաց ինձ մոտ, մյուսները դարձյալ նվիրեցի բելառուսներին: 

-Պարոն Ազատյան, ինքս խմբագիր-լուսաբանողի կարգավիճակով մասնակցել եմ մի քանի պլեների և գիտեմ, դա բավականին ուշագրավ և պատասխանատու միջոցառում է:
-Հիանալի էր կազմակերպված, կեցության վայրը պատշաճ վիճակում էր, տասն օրվա ընթացքում պարբերաբար էքսկուրսիաներ էին կազմակերպում, ներկայացնում էին իրենց երկրի պատմությունն ու մշակույթը: Որևէ խնդիր չենք ունեցել ապրելու և աշխատելու տեսանկյունից:

 -Թեմա պարտադրվե՞լ էր պլեների մասնակիցներին:
-Ոչ,ազատ էինք ստեղծագործում: Օրինակ՝ նկարիչներից մեկը, ով այդպես էլ բնություն դուրս չեկավ, կով էր նկարել: Այնինչ շրջակա բնությունը չքնաղ էր, անտառ էր, Դնեպրի ակունքները: 

-Իշխանությունների, մամուլի վերաբերմո՞ւնքն ինչպիսին էր:
-Գերազանց էր: Պլեների ընթացքում ստեղծված նկարներով վերջում կազմակերպվեց ցուցահանդես Մոգիլյովի պատկերասրահում: Ցուցահանդեսի հյուրերի թվում էին մարզի ղեկավարությունը, արվեստասեր հանրությունը և մամուլը: Պետք է նշեմ, որ ինձ հատուկ ուշադրության էին արժանացնում: Թե ինչու, չեմ կարող ասել:

 -Ես կարող եմ ասել: նախորդ տարիներին բելառուսական պլեներների մասնակից ՀՆՄ անդամները բարի հիշողություն են թողել: Միաժամանակ դուք, որպես մարդ և ստեղծագործող բավականին տպավորիչ եք:
-Շնորհակալ եմ: 

‹‹Կերպարվեստ›› պարբերական