«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ»-ն փետրվարի 23-ի իր համարի «Գործարարներին ահաբեկում են ԱԱԾ-ի անունից» հրապարակման մեջ անդրադարձել էր գործարարների ահազանգին՝ կապված ՀԿԵ-ի ռեկետի, ահաբեկումների հետ։ Դեռ այն ժամանակ գործարար Սամվել Սահակյանը մեզ ասել էր, որ փաստերը ներկայացնելու է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության իրավապահներին։ Օրերս կապ հաստատեցինք գործարարի հետ՝ ճշտելու, թե որ փուլում է ՀԿԵ-ի հետ հակամարտությունը։ Սամվել Սահակյանը «ՉԻ» հետ զրույցում նշեց, որ Ազգային Անվտանգության Ծառայությունը ուսումնասիրել է մեր թերթի հրապարակումները, ինքը ևս ներկայացրել է իր ձեռքի տակ եղած բոլոր փաստերը բիզնեսը խլելու հետ կապված, մոտ 12 ժամ ԱԱԾ-ում ընկերության տնօրենի և հիմնադրի հետ զրուցել են։ «Զրուցեցին, ուսումնասիրեցին, բայց որևէ արդյունք չկա, ռուսների, ԱԱԾ-ի անունից խլեցին մեր 20 տարվա գործը։ Մենք պատրաստվում ենք Վլադիմիր Պուտինի հունիսի 7-ին կայանալիք ասուլիսի ժամանակ հարց ուղղել նրան Հայաստանի երկաթուղում իրականացվող թալանի մասին, հուսով ենք՝ երկրում ստեղծված նոր իրավիճակում Հայաստանի իրավապահներն էլ այս թալանի դեմը կառնեն»,- ասաց գործարարը՝ խոստանալով Հայաստան վերադառնալուն պես անուն առ անուն ներկայացնել, թե ինչպես են թալանում երկաթգիծը և խլում բիզնեսները»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: