Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Ազգային Ժողովի բակում մանուկներին նվիրված միջոցառումներ են կազմակերպում պարբերաբար, սակայն այս տարի պետական բյուջեն խնայելու նպատակով տվյալ միջոցառումը տեղի չի ունենա: Այս մասին PrimeNews.am-ին հայտնեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

Վերջինս մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ Ազգային Ժողովը տարվա ընթացքում մի շարք միջոցառումներ է կազմակերպում՝ կապված մանուկների, ուսանողների հետ, սակայն այսօր՝ հունիսի 1-ին որևէ միջոցառում տեղի չի ունենա: «Քննարկվել է հունիսի 1-ին պարբերաբար իրականացվող միջոցառումների հարցը և որոշում է կայացվել այս տարի բյուջեի խնայողության նպատակով միջոցառում չկազմակերպել, քանի որ այն մեծ ծախսերի հետ է կապված»,- իր խոսքում առանձնացրեց պարոն Բաբայանը՝ հավելելով, որ նրանք ամեն տարի մի շարք շրջայցեր են կազմակերպում դեպի Ազգային ժողով ուսանողների, երեխաների համար:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը պաշտոնապես շնորհավորական ուղերձ է հղել երեխաների տոնի առջթիվ, մաղթելով առողջություն, բարեկեցություն և անհոգ մանկություն: Իր ուղերձում մասնավորապես նշում է.

 «Սիրելի՛ փոքրիկներ, մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, առողջություն, ընտանեկան ու պետական հոգատարությամբ շրջապատված անհոգ, երջանիկ մանկություն, լիարժեք կրթություն: Միշտ սիրե՛ք ազնիվն ու բարին, իսկ այն պաշտպանելու համար կարդացե՛ք, սովորե՛ք, դարձե՛ք խելացի եւ ուժեղ, ինչպես ձեր սիրած հեքիաթների հերոսները:Իսկ ձեզ, սիրելի՛ ծնողներ, շնորհավորում եմ Ծնողների համաշխարհային օրվա առթիվ եւ մաղթում, որ լավագույնս կատարեք ձեր պարտքը մանուկների նկատմամբ: Երեխաները մեզ համար գերագույն արժեք են: Դա ամրագրված է մեր ազգային արժեհամակարգում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում ու նաեւ բազմաթիվ օրենքներում, որոնք մշտապես կատարելագործվում են»:

Հավելենք նաև, որ հունիսի 12-ին նշվում է ևս մեկ այլ շատ կարևոր օր, կապված երեխաների ծանր աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրը: Այսօր աշխարհում քիչ չեն դեպքերը, երբ երեխաները ենթարկվում են շահագործման, որը արտահայտվում է շատ տարբեր ձևերով՝ տանը աշխատանքի միջոցով, փողոցում մուրացկանությամբ զբաղվելուն հարկադրելով: Այս օրվանից բացի, փոքրիկներին է նաև նվիրված երեխաների համաշխարհային տոնը, որը նշվում է նոյեմբերի 20-ին:

Արմինե Միքայելյան