«Ապագայի կամուրջներ» կրթամշակութային կենտրոն ՀԿ-ի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող «Արվեստը հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում 2018 թ-ի հոկտեմբերի 19-31-ը կկայանա «Մշակութային դեսպան» ֆոլկլոր պարի միջազգային փառատոնը:

Խաղաղասիրական ուղղվածությամբ այս նախաձեռնության հիմնական նպատակը արվեստի, մշակույթի և հատկապես պարարվեստի միջոցով միջմշակութային երկխոսություններն ամրապնդելն ու նոր կապեր զարգացնելն է Հայաստանի և այլ երկրների միջև։

Որպես առաջինը իր տեսակի մեջ՝ փառատոնը մրցութային չէ, այն կկայանա Երևանում և ՀՀ 5 մարզերում, որտեղ հանդիպումներ և համատեղ վարպետաց դասեր կկազմակերպվեն արտերկրից ժամանած արտիստների և ՀՀ մարզերի պարողների, մշակութային խմբերի և արվեստասեր բնակչության մասնակցությամբ։ Փառատոնի՝ «Պարում ենք Նոյի երկրում» խորագիրը կրող գալահամերգը տեղի կունենան հոկտեմբերի 25-ին, ժ. 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում: