Ամերիկացի հանրաճանաչ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը, որը մեծ ռինգին հրաժեշտ տվեց այդպես էլ պարտության դառնահամը չճանաչած, ինչն ինքնին բացառիկ երևույթ է համաշխարհային բռնցքամարտում, հոկտեմբերի 17-ին հաստատել է, որ միջին քաշային կարգում UFC վարկածով աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Հաբիբ Նուրմագոմեդովի հետ իր մրցակցությունը հնարավոր է, որ կայանա: Ավելին, աշխարհին «Փող» մականունով հայտնի 41-ամյա ամերիկացին պլանավորում է այդ մարտից վաստակել 100 միլիոն դոլար ավելի, քան վաստակել էր Կոնոր Մաքգրեգորի հետ մարտից, իսկ դրանից կազմած նրա շահույթը եղել է չորս հարյուր միլիոն դոլարի կարգի թիվ: Ի միջի այլոց, սա հենց այն Մաքգրեգորն է, որին Հաբիբը օրեր առաջ պարտության մատնեց ժամկետից շուտ՝ բանեցնելով խեղդող հնարք:

Նման մրցամարտի հնարավոր անցկացման վայրը Ֆլոյդը դիտարկում է բացառապես Լաս Վեգասը, մինչդեռ ռուսական պրոմոութեր Վլադիմիր Խրյունովը գտնում է, որ մենամարտը պիտի կայանա «Մոսկվայում, Լուժնիկիում, ամռանը, ռուսական բռնցքամարտի օրը: Մեյվեզերին Ռուսաստան բերելը ռեալ է, պարզապես նրա նախորդ մարտին համադրելի հոնորար պիտի առաջարկել, իսկ Նուրմագոմեդովին անհրաժեշտ է մինչև ամառ չափաբերման բերել բռնցքամարտիկի իր կոնդիցիաները»:

Եթե կարճ կապելու լինենք, երկու կողմում էլ մեծ հավակնություններով մարզիկներ են, լուրջ խնդիրներ են առաջանալու հոնորարների չափի, դրանց բաժանման, մրցամարտի անցկացման վայրի ընտրության հարցերում: Մենք ընդամենն անդրադարձանք դրանցից գլխավորներին, սակայն շարքում պակաս կարևորության հարցեր չկան, ու դրանցից թեկուզ մեկի չբավարարումը կարող է բերել ակնկալվելիք մարտի այդպես էլ չկայացման: Մի խոսքով, դեռ այնքան բաներ են ասվելու այս մրցամարտի մասին, որ այդ ընթացքում մարզասերը կհասցնի հիմնավորապես զզվել ամեն ինչից: