«Քաղաքացիական պաշտպանություն» կուսակցությունը կանգնել է բարդ խնդրի առջև։ Հասկանալի է, որ ցանկացած հաղթողի կողքին աստիճանաբար ավելանում են նրան «գաղափարակից մարդիկ», որոնց թվում գուցե լինեն նաև նրանց երբեմնի «հակառակորդներից» շատերը։ ՔՊ-ի դեպքում էլ է թերևս այդպես։ Հիմա նրա «դռան» առաջ հավատարմության երդում տվողների, դարձի եկողների, խնդրողների լուրջ հերթ է։ Փաշինյանին մոտ կանգնածների միջոցով ամեն մեկն իր լոբինգն է փորձում անել, բայց ինչպես ասում են, այդ մարդկանց ցուցակները դեռ պետք է ֆիլտրել։ Նիկոլ Փաշինյանի առաջնային խնդիրը ցուցակի որակի, ընկալելիության և սեփական թիմակիցներին չնեղացնելու համադրելիությունն ապահովելն է:

Ըստ էության, ունենալով կադրային լուրջ խնդիրներ, եղածը սպառելով գործադիրում և Երեւանի ավագանու կազմում բաշխելով՝ այսօր ՔՊ-ն համամասնական ցուցակը կազմելու առումով բավականին կարևոր հարց ունի լուծելու՝ մի կողմից անհրաժեշտ է ընդգրկել հանրության համար ընկալելի և ընդունելի կերպարներ, մյուս կողմից՝ այնպիսիք, ովքեր արդյունավետ կլինեն ԱԺ-ում:

Որոշ տեղեկություններով առաջիկայում ՔՊ-ն պետք է հանրությանը նախապատրաստի խորհրդարանական ընտրությունների՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի անակնկալներին: Գուցե ցուցակում ստիպված լինեն ընդգրկել թե՛ գործադիր մարմնի անդամների, թե՛ ավագանու անդամների, և գուցե հարկ լինի ներգրավել նաև անկուսակցականների, այդ թվում՝ նախկին իշխանությունների հետ ակտիվ համագործակցած, որոնց մեջ քիչ չեն լինի մարդիկ, ովքեր, մեղմ ասած, միանշանակ չեն ընդունվի հանրության կողմից: Ըստ էության, ընտրություններից հետո խնդիրներ են առաջանալու հենց գործադիր կազմում պատգամավոր դարձածների թափուր տեղերը լրացնելու առումով:

                                                                                                        Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ