«Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի» գործի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է դիմումատու Գրիգոր Ոսկերչյանին վճարել 3000 եվրո գումար՝ որպես նրա խախտված իրավունքների համար ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Գրիգոր Ոսկերչյանը եղել է 88-ի Համազգային շարժման ակտիվիստներից, ՀՀՇ կուսակցության անդամ, այնուհետև վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ՝ եղել է Աբովյան քաղաքի քաղաքապետ, ընտրվել է ԱԺ պատգամավոր, հատուկ հրավիրյալի կարգավիճակով Եվրախորհրդի տեղական մարմինների կոնգրեսում ներկայացրել է Հայաստանը:

2008-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ Ոսկերչյանը եղել է ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Աբովյան քաղաքի նախընտրական շտաբի պատասխանատու, այնուհետև մասնակցել է Երևանում Լևոն Տեր-Պետրոսյանի կոմնակիցների կողմից անցկացվող հանրահավաքներին։ 2008թ․մարտի 1-յան դեպքերից հետո, քաղաքական հետապնդման արդյունքում, ակնհայտ շինծու մեղադրանքների հիման վրա մարտի 8-ին ձերբակալվել է և տևական ժամանակ գտնվել ապօրինի ազատազրկման մեջ։ Դատարանը մերժել է Ոսկերչյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը և պարբերաբար կալանքի ժամկետը երկարացվել է։

2009թ․Գրիգոր Ոսկերչյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռ է կայացվել, սակայն նրա նկատմամբ կիրառվել է համաներում և վերջինս ազատ է արձակվել։ ՄԻԵԴ-ը գտել է, որ Ոսկերչյանին կալանքի տակ պահելու համար բավարար հիմնավորումներ չեն ներկայացվել։

Հարկ ենք համարում ընթերցողին հիշեցնել, որ Գրիգոր Ոսկերչյանը ընդգրկված էր համաժողովրդական շարժման այն 7 անդամների շարքում, ովքեր 2008թ․մարտի 1-ից հետո ձերբակալվեցին՝ մեղադրվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ «Յոթի գործը» հայտնի իր 7 քաղբանտարկյալներով՝ Սասուն Միքայելյան, Մյասնիկ Մալխասյան, Հակոբ Հակոբյան, Ալեքսանդր Արզումանյան, Սուրեն Սիրունյան, Գրիգոր Ոսկերչյան, Շանթ Հարությունյան, նախկին վարչախմբի կողմից իրականացված քաղաքական հաշվեհարդար էր՝ հիմնված կեղծ փաստերի և վկայությունների վրա։ Այս քրեական ու քաղաքական հետապնդման ոդիսականը լավագույնս բացահայտում էր մեր դատական

համակարգի կայացրած «ազնիվ ու արդար» որոշումները՝ նախկին իշխանությունների պատվերները հլու-հնազանդ իրականացնող դատախազներով, հանցակազմի բացակայությամբ կեղծ մեղադրանքներով և քրեակատարողական հիմնարկներում բռնությունների ենթարկվող դատապարտյալներով։

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ