«ՀՅԴ-ն վաղուց է ասել, որ յոթ հոգով վարչապետի թեկնածու առաջադրելը անիմաստ զբաղմունք է: Տրամաբանություն պետք է գոյություն ունենա, յոթ հոգով ինչպե՞ս կարող ենք առաջադրել: Մենք 2017-ի ընտրություններից հետո երբեք չէինք էլ պատրաստվել վարչապետի թեկնածու առաջադրել»:
Արմեն Ռուստամյան


Ճիշտ, շա՛տ ճիշտ վերջապես նկատեց Արմեն Ռուստամյանը. 7 հոգով ինչպե՞ս կարող են առաջադրել:
Ավելացնեմ ու ավելի՛ն ասեմ. էս է` 20 տարի դուք, հա՜ 5-7-8 հոգով, «լավ ժամանակը»՝11, անգամ 16 հոգով, գալիս, մտնում եք պառլամենտ, որ… ի՞նչ: Եթե 99 թվականից հաշվենք, սա ԱԺ ձեր արդեն հինգերորդ գումարումն է:
Որպես հեղափոխական կուսակցություն՝ 20 տարվա մեջ դուք ի՞նչ փոխեցիք-հեղափոխեցիք, ի՞նչ արիք, որի մասին ձեզնից հետո դեռ երկար կխոսեն: Սոսկ մի բան արիք. Հայ հեղափոխական դաշնակցության վարկանիշը սարքեցիք 1,62 տոկոս, բերիք ու գրեթե հողին հավասարեցրիք:
Ձեր 20-ամյա ներկայությունից միայն այ ա՛յս կհիշեն հետո:

Ըստ այդմ՝ պարոն Արմեն Ռուստամյանին եկե՛ք ճշգրտենք. անիմաստ զբաղմունքը միայն այն չէ, որ 7 հոգով վարչապետի թեկնածու առաջադրեք, անիմաստ զբաղմունք էր նաև 20-ամյա ձեր այդ ներկայությունը ՀՀ ԱԺ-ում:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրել-չստորագրելուն, Ձեր խոսքերով՝ էդ «ոչ ինքնանպատակ հուշագիրը»՝ «Նիկոլ Փաշինյանի դեմ դրած ձեր հինգ հարցերով» հանդերձ, ասենք, ստորագրեք կամ չստորագրեք, չե՞ք կարծում, որ դա էլ ոչ պակաս, ոնց ասի՞ք, «անիմաստ զբաղմունք» է:
Հիմա այլևս կուզեք՝ ստորագրեք, կուզեք՝ հուշագրի «բլանկը» պահեք, էկող տարվա մեջ ստորագրեք: Ախր նոր ասիք՝ սոսկ 7 հոգի եք, էն էլ աշխարհին համոզեցիք, որ էսօր ԱԺ-ում կաք, վաղը հաստատ չկաք: Ո՞ր մեկը նման քաղաքական՝ ուժից ընկած ուժի հետ հուշագիր ստորագրելուն նախորդող գիշերը հուզմունքից բնավ աչքը չի խփի: Ապրե՜ք, վերստի՛ն ճիշտ կռահեցիք. ո՛չ մեկը:

Էս ամենից հետո, ոնց որ հեքիաթում, երկնքից երեք խնձոր է ընկնում. Դաշնակցությունը երեք հոգով հանդիպման է գնում Փաշինյանի հետ:
Պարզվում է, որ, հա՛, «անիմաստ զբաղմունքն»՝ անիմաստ զբաղմունք, սակայն ՀՅԴ-ն՝ ի դեմս հենց Արմեն Ռուստամյանի ու իր ընկերների, պիտի՞ մտածի քաղաքական դաշտում իր լինել-չլինելու ծանր հարցի շուրջ:
Ու այ ստեղ արդեն ուրի՜շ հարց է ծագում. էդ հանդիպումն է՞լ իրենց «անիմաստ զբաղմունքների» շրջանակում էր, թե՞ դրանից՝ դուրս: Այ է՛ս շատ սիրուն խոսքերը, որ հնչեցրեց պարոն Ռուստամյանը էդ շրջանակից նե՞րս են, թե՞ դուրս են. «Դաշնակցությունն այն կուսակցությունն է, որ անկախ նրանից, թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենան ներքաղաքական առումով, մենք հստակ ունենք մեր գաղափարներն ու քաղաքական դիրքորոշումները, որոնք անփոփոխ են մնալու։ (Բայց ախր երեկ ահագին ուրիշ դիրքորոշում էր, իսկ ամսի 2-ին բոլորովի՜ն ուրիշ դիրքորոշում էր): Մենք վստահ ենք, որ ի շահ մեր երկրի առջև կանգնած թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերների լուծման, անկախ հետագա որևէ դասավորումից՝ մենք, միևնույն է, պետք է շարունակենք միմյանց հետ համագործակցել ի շահ մեր երկրի, մեր պետության։ (Մինչև ի՞նչ աստիճանի կհամագործակցեք. ընդհուպ մինչև Նիկոլի ընտրացուցակ կամ «սպիտակ ցուցակ» մտնե՞լը): Այդ առումով, Դաշնակցության լիարժեք աջակցությունը միշտ եղել է և կլինի»: (Բայց տվյալ դեպքում կարծես բոլորովին հակառա՛կ պատկերն է. Նիկո՛լն է ձեռք մեկնում Դաշնակցությանը): Մենք հենց սկզբից այս նոր իրադարձություններին, հեղափոխությանը, որ տեղի ունեցավ Հայաստանում, շատ մեծ արժևորում ենք տվել և իսկապես համարում ենք, որ հեղափոխությունն ունի փուլեր, որ պետք է անցնի։ (Եւ որոնք են էդ փուլերը՞. մեկ սատարում ենք, մեկ չենք սատարո՞ւմ, մեկ նորից չենք սատարում, մեկ նորից ենք սատարո՞ւմ: Իսկ գուցե այսպե՞ս. ցուցակում կընդգրկեք՝ կսատարենք, չեք ընդգրկի՝ չենք սատարի: Հը՞): Մեզ համար մերժման փուլը նույնպես շատ կարևոր էր, որը ենթադրում էր մերժել անցյալի բոլոր բացթողումները, սխալները։ Պետք է կարողանալ վերադասավորվել և անցնել արագ կառուցման և այդտեղ մեր ամբողջական
աջակցության վրա Դուք կարող եք միշտ հույս ունենալ»: (Չէ, չեղա՛վ. ամեն բան լրիվ սխալ դասավորեցիք ու վերադասավորեցիք, լրիվ գլխիվայր. դո՛ւք չեք աջակցում , ձե՛զ են աջակցում, ու գիտե՞ք ինչու. կոնֆրոնտացիայի՛՝ առճակատմա՛ն ո՛չ հավես ունեն, ո՛չ էլ ժամանակ):

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ