Ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, ըստ որի տուգանային միավորներ կկիրառվեն ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ:

Ըստ նախագծի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվում է 9 միավոր: «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում արձանագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են սահմանված տուգանային միավորները։ Տուգանային միավորի չափը սահմանվում է՝ ելնելով վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից», -նշվում է նախագծում:

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում կարող է նշանակվել 1 ամսից մինչև 6 ամիս ժամկետով, ինչը նախագծով սահմանվում է որպես «վարորդական իրավունքի կասեցում»: Մի շարք խախտումների դեպքում առաջարկվում է ավելի երկար ժամկետով զրկել վարորդական իրավունքից: Ներգործության այս տեսակը, սակայն, չի տարածվի հաշմանդամություն ունեցողների վրա՝ բացառությամբ այն դեպքի, երբ վարորդը մեքենան կվարի ոչ սթափ վիճակում։

Նախագծի համաձայն՝
-վարորդը խաչմերուկի կանոնները խախտելու դեպքում կկորցնի 2,
-հետիոտնային անցման կանոնը խախտելու դեպքում՝ 1,
-վազանցի կանոնները խախտելու դեպքում՝ 1,
-երթևեկությունը սկսելու, մանևր կատարելու կամ հետընթացի վարման կանոնները խախտելու դեպքում՝ 2,
-տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկության գոտում հանդիպակաց վարելու դեպքում՝ 2,
-հոծ գիծը տրորելով շրջադարձ կամ հետադարձ կատարելու դեպքում՝ 2,
-հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու դեպքում՝ 2,
-մեքենան հետիոտնային անցման վրա կայանելու դեպքում՝ 1 միավոր։

Մեքենան ՃՈ տեսուչի պահանջով չկանգնեցնելու դեպքում վարորդը կզրկվի վարորդական իրավունքից 6 ամսից 1 տարի ժամկետով: