ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հայտնի գուլպաներն այնպիսի հետաքրքրություն են առաջացրել հանրության շրջանում, որ նույն գուլպաներից ձեռք բերել ցանկացողների հոսքը դրանք հեղինակած հայկական Braind ընկերության գրասենյակ մի քանի օր չէր դադարում։

«Մի քանի օր շարունակ անընդհատ գալիս ու, կարելի է ասել, պահանջում էին նույն գուլպաներից։ Բայց մենք ընդամենը 3 զույգ էինք պատրաստել՝ երկուսը վարչապետերի համար, մեկը՝ մեզ։ Այնուամենայնիվ, տեսնելով, թե որքան մեծ է մարդկանց՝ նույն գուլպաներից հագնելու ցանկությունը, Artsocks ընկերության հետ որոշեցինք սահմանափակ քանակությամբ արտադրել», -Henq.am-ի հետ զրույցում ասաց Braind-ի համահիմնադիր, արտ-տնօրեն Էդուարդ Քանքանյանը։

Հայկական արտադրության, թերևս, ամենահայտնի գուլպաներն արդեն նաև վաճառքում են. հայ դիզայներների խանութ-սրահներում որոշ քանակությամբ ներկայացված են։ Շուտով տարածման ցանցը մի քիչ էլ կընդլայնվի, սակայն, Էդուարդի խոսքով, դրանց արտադրությունը շարունակական չի լինի, քանի որ Braind-ի գործունեությունն ու ուղղվածությունն այլ բան են ենթադրում։ Որոշակի քանակությամբ արտադրելու միակ պատճառն էլ, ինչպես արդեն նշվեց, մարդկանց մոտ առաջացած մեծ հետաքրքրությունն է։ Ընկերությունը հիմնականում կոմերցիոն գործունեություն է ծավալում, սակայն երբեմն նման հետաքրքիր գաղափարներն առանց շահ հետապնդելու կյանքի է կոչում։

Կարծրատիպերը կոտրելու և Կանադայի վարչապետին Հայաստանի դրոշի գույներով գուլպա նվիրելու գաղափարն Էդուարդ Քանքանյանի մոտ ծագել է հենց այն ժամանակ, երբ իմացել է, որ Թրյուդոն պատրաստվում է ժամանել Հայաստան։ Կանադայի 45-ամյա վարչապետի արտասովոր նախասիրության՝ գուլպաների հանդեպ առանձնակի հետաքրքրության մասին Braind-ի համահիմնադիրը վաղուց գիտեր ու գիտեր նաև, որ Թրյուդոն սիրում է պաշտոնական հանդիպումների, կարևոր միջոցառումների ներկայանալ գունեղ, հաճախ՝ թեմատիկ գուլպաներով։ Հենց դա էլ նման ընտրության վրա կանգ առնելու գլխավոր պատճառն էր։ «Մենք կարող էինք ինչ-որ ձևով նվերը փոխանցել Թրյուդոյին, բայց այդ դեպքում ցանկալի արդյունք չէինք ստանա։ Մեր նպատակն այն էր, որ այդ նվերի շնորհիվ Հայաստանն ավելի ճանաչվեր։ Համոզված էինք, որ եթե այն հանձներ անձամբ վարչապետը, ապա համաշխարհային մամուլն անպայման կանդրադառնա դրան և չսխավեցինք», -ասում է Էդուարդը։

Որպեսզի նվերը պետության ղեկավարի կողմից ներկայացնելը հարմար լինի ու համապատասխան տեսք ունենա, արդեն հունիսից սկսել էին աշխատել։ Օգոստոսի սկզբներին այն վերջնական տեսք էր ստացել և սպասում էր հասցեատերերին։ Գագաթաժողովից օրեր առաջ յուրահատուկ նվերը փոխանցվել է վարչապետի աշխատակազմին, բայց մինչև վերջին պահը ոչ ոք չգիտեր՝ վարչապետն անձամբ կհանձնի այն, թե ոչ։ «Այդ մասին իմացել ենք լրատվամիջոցներից, -ասում է Էդուարդն ու հավելում, -շատ ուրախացանք, որ եղավ այնպես, ինչպես պլանավորել էինք»։

Հայաստանի դրոշի գույներով գուլպաների գաղափարը Braind-ի թարմ գաղափարներից է, բայց ոչ ամենաթարմը։ Էդուարդը վստահեցնում է՝ Հայաստանը ներկայացնող ավելի գլոբալ գաղափարներ ունեն, որոնց մասին շուտով կիմանանք։

                                                                                                   Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ