-Մեր դիրքորոշումը հայտնի է բոլորին, վերջին անգամ ես խոսել եմ Լյուքսեմբուրգում շաբաթվա սկզբին, առավել ևս վարչապետն արտահայտվել է այդ մասին։ Մենք աշխատում ենք մեր դիրքորոշումների շրջանակում և շարունակելու ենք աշխատել մեր դիրքորոշումների շրջանակում, -լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի «գրավյալ տարածքների» մասին աղմկահարույց հայտարարությանը։

Արդեն նախկին դեսպանի մտահոգիչ հայտարարության շուրջ քննարկումները դեռ շարունակվում են։ Ավելին՝ քննարկումների շրջանակում ընդգրկվել է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պատասխան-հակադարձումը։ Մեկը մյուսին հաջորդող ճեպազրույցներում և ասուլիսներում վերլուծություններն ու գնահատականները հակասական էին, կանխատեսումները՝ պայթունավտանգ, սպասելիքները՝ իրարամերժ։

Ըստ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ Փաշինյանի պատասխանը շատ տարօրինակ էր ու զարմանալի․ «Ինչ է նշանակում հեռացող դեսպանի հայտարարությունը կարելի է համարել հեռացող մեսիջ։ Ոչ թե հեռացող դեսպան է, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ներկայացուցիչ, որը արտահայտում է 3 համանախագահների, երևի թե, համաձայնեցված դիրքորոշումը»:

Իսկ իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, անցնելով առաջ, վարչապետի արձագանքը գնահատեց անգամ վիրավորական․ «Մեր իշխանությունը պետք է փոխի իր հռետորաբանությունը։ Խոսքը դոկտրին է, չի կարելի վիրավորել այդպիսի բարձրաստիճան, և մեծ լումա ներդրած ամերիկյան քաղաքականությունը տարածելու մեջ անձի նկատմամբ»։

Անսպասելի անակնկալ էր, միանշանակ, ՀՀ-ում Արցախի հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական, համատեղությամբ Նիկոլ Փաշինյանի ամենակատաղի ընդդիմախոս Գառնիկ Իսագուլյանի դրական արձագանքը վարչապետի պատասխան-հայտարարությանը՝ որակելով այն միանգամայն նորմալ և հստակ, իսկ Միլսի վերջին մեսիջի վերաբերյալ կարծիքն ավելի շատ բարեկամական խորհուրդ էր հիշեցնում․«Լավ կլինի, որ Միլսը հաջորդ դեսպանին ի սկզբանե ասի, որ հայ ժողովուրդը տարածքային զիջում չի ընդունում»։