Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Facebook-յան էջից տեղեկանում ենք, որ Հայաստանից մեկնել է ԱՄՆ արդեն նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը․ «Այսօր դեսպան Միլսը մեկնեց Հայաստանից՝ 3․5 տարի Երևանում մնալուց հետո, և դեսպանատանը մենք նրան ջերմությամբ և տխրությամբ լի հրաժեշտ տվեցինք։ Հաջողություն, սիրելի դեսպան Միլս, և շնորհակալություն ձեր բացառիկ առաջնորդության, Ձեր մարդասիրության և մարդկանց զորեղացնելու Ձեր կարողության համար։ Մենք անհավանական 3․5 տարի ենք անցկացրել՝ սովորելով Ձեզնից և Ձեզ հետ։ Ամենայն բարիք ենք մաղթում Ձեզ և Ձեր կնոջը՝ Լի Քարթերին»։

Միլսը հեռացավ Հայաստանից և միայն վերջին պահին պարզ դարձավ, որ հայերի ու Ռիչարդ Միլսի «ընկալումների» մեջ ակնհայտ արմատական տարբերություններ են եղել, որոնց մասին ԱՄՆ դեսպանը բարձրաձայնեց միայն Հայաստանը լքելուց առաջ, թեպետ անցած 3․5 տարի ձգված հարաբերությունները մեծ ի մասամբ բարեկամական էին թվում։

Դեսպանն իր վերջին հայտարարությունով շփոթեցրեց, զարմացրեց կամ էլ զայրացրեց ամբողջ հայությանը՝ Արցախյան հիմնախնդրի կարևորագույն հիմնաքար համարելով «օկուպացված տարածքների» վերադարձը։ Ինչ խոսք, հեռացող դեսպանի վտանգավոր մեսիջը հասկանալի, սակայն, միանշանակ ու միաժամանակ անընդունելի էր հանրության կողմից, ուստի, լրատվամիջոցները հարթակ դարձնելով, պետական այրերը շտապեցին թեթև շտկում մտցնել՝ շեշտելով, որ գրավյալն ու հազարավոր կորուստների գնով ազատագրվածը պետք չէ շփոթել, քանզի մենք միայն պաշտպանել ենք մեր գոյության իրավունքը՝ կանխելով Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանությունը։ Քաղաքական գործիչներից շատերը նկատեցին, որ հայտարարությունը հղի է վտանգներով, քանի որ Ադրբեջանի համար սա հաղթական խաղաթղթի պես մի բան է, որը կարող են ներկայացնել որպես ԱՄՆ պաշտոնական դիրքորոշում։

Ադրբեջանի պես ագրեսոր պետությունը, անշուշտ, կօգտվի նման պատրվակից, մնում է միայն սպասել հնարավոր արձագանքներին։

Ինչևէ, Ռիչարդ Միլսը գնաց՝ իր հետ տանելով սիմվոլ հուշանվեր, որտեղ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքներն ամբողջական են, և խոստանալով հայաստանյան իրադարձություններին հետևել միայն հեռվից։ Իսկ մեզ մնում է հետևել վարչապետի օրինակին և «հեռացող դեսպանի հայտարարությունը համարենք հեռացող մեսիջ»։