Երեկ համացանցում լուրեր էին տարածվել, թե աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը մահացել է, սակայն որոշ ժամանակ անց այդ լուրը հերքվեց, քանի որ բժիշկներին հաջողվել էր վերականգնել նրա սրտի աշխատանքը։ Ի վերջո, ցավոք, նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Արա Գյուլերը ծնվել էր 1928 թվականի օգոստոսի 16-ին Ստամբուլում: Լուսանկարչության բնագավառում ունեցած մեծ հաջողությունների համար Գյուլերին անվանում էին «Ստամբուլի աչք»:

Գյուլերը լուսանկարչության ընկալման յուրահատուկ մոտեցում ուներ: Ասում էր՝ լուսանկարը պարտադիր չէ, որ արվեստի գործ լինի, բայց պետք է արձանագրի յուրաքանչյուր պատմական փաստ. «Լուսանկարի միջոցով դու գրավում ես պատմությունը, դու կանգնեցնում ես այն մեքենայի օգնությամբ»։

Գյուլերի բացառիկ տաղանդի շնորհիվ իրեն թույլ են տվել դառնալ Թուրքիայում Time-Life պարբերականի առաջին թղթակիցը, որից հետո համագործակցության բազմաթիվ պատվերներ է ստացել աշխարհի մի շարք այլ պարբերականներից եւ թերթերից։
Բրիտանական հեղինակավոր ամսագրերից մեկի հարցման համաձայն՝ Գյուլերն ընդգրկվել է աշխարհի լավագույն լուսանկարիչների շարքում։
Նա ֆոտոռեպորտաժներ է իրականացրել համաշխարհային պատմության հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի, Բերթրանդ Ռասելի, Պիկասոյի, Սալվադոր Դալիի և այլոց հետ: