Հայկական շուկայում շատ ռուսական դեղագործական ընկերություններ կան, որոնք հայ բնակչությանը բարձր տեխնոլոգիական բժշկական արտադրանք են առաջարկում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի առաջին փոխնախարար Սերգեյ Ցիբը հոկտեմբերի 17-ին՝ Expo Russia-Armenia 2018 միջազգային արդյունաբերական ցուցադրության բացման ժամանակ։

Նա նկատել է, որ ՌԴ-ում վերջին 5-7 տարիներին ներդրվել են նոր տեխնոլոգիական հնարավորություններ բարդ դեղորայքի արտադրման համար։ «Մենք պատրաստ ենք դրանով կիսվել մեր հայ գործընկերների հետ», -նշել է ռուս պաշտոնյան։

Նա նկատել է, որ շատ կարեւոր է ընդլայնել երկրների համագործակցությունը ոչ միայն ընկերությունների գործընկերության մակարդակով, այլ նաեւ տեխնոլոգիաների փոխանցման հարցում. «Կան բազում ոլորտներ, որոնցում մենք այսօր համագործակցության հնարավորություն ենք տեսնում, ընդլայնում ենք փոքր ու միջին բիզնեսի ներթափանցումը»։

Ցուցահանդեսի առնչությամբ նա նշել է, որ այն հավաքել է մեծ քանակությամբ ընկերություններ տարբեր բարձր տեխնոլոգիական ոլորտներից, որոնք իրենց արտադրանքն են առաջարկում տեղի շուկային ու գործընկերությունը հայկական ընկերություններին։

«Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 17-19-ը կանցկացվեն «EXPO-RUSSIA ARMENIA 2018» միջազգային արդյունաբերական 8-րդ ցուցահանդեսը եւ Եվրասիական 6-րդ բիզնես-ֆորումը:

Միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի ԱԳՆ-ի եւ «Մինպրոմտորգ»-ի, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ու առեւտրային ներկայացուցչության, ՀՀ նախարարությունների ու գերատեսչությունների աջակցությամբ։ Ցուցահանդեսի հովանավորը «Մուլտի Գրուպ» կոնցեռնն է։