Հոկտեմբերի 20-ից 28-ը մարզասերների ուշադրության կենտրոնում կլինի Բուդապեշտը: Այդ օրերին Հունգարիայի մայրաքաղաքում հաջորդաբար կանցկացվեն ազատ, ապա` հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունները: Նշված երկու մարզաձևերի հայաստանյան հավաքականները նույն հաջորդականությամբ նախապատրաստական վերջին փուլի ուսումնամարզական հավաքներն են անցկացնում Երևանի Օլիմպավանում, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Առաջինը մրցավայր կմեկնեն ազատ ոճայինները (հոկտեմբերի 19-ին): Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հավաքականում ընդգրկել է հետևյալ ըմբիշներին. Միհրան Ջաբուրյան /57կգ/, Վալոդյա Ֆրանգուլյան /65կգ/, Դավիթ Սաֆարյան /70կգ/, Վալտեր Մարգարյան /74կգ/, Գրիգոր Գրիգորյան /79կգ/ և Գեորգի Կետոև /97կգ/:

Օլիմպավանի մրցագորգերի վրա հոկտեմբերի 24-ին է ուսումնամարզական վերջին հավաքը ավարտելու հունահռոմեական ըմբշամարտի մեր ընտրանին: Նույն օրը մերոնք կմեկնեն Բուդապեշտ: Գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը ասպարեզ կհանի Նորայր Հախոյանին /55կգ/, Գևորգ Ղարիբյանին /60կգ/, Սլավիկ Գալստյանին /63 կգ/ , Կարեն Ասլանյանին /67կգ/, Կարապետ Չալյանին /77կգ/, Մաքսիմ Մանուկյանին /82 կգ/, Արթուր Շահինյանին /87կգ/ և Արթուր Ալեքսանյանին /97կգ/: