ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով: Այս մասին հոկտեմբերի 17-ին «Մեդիա» կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը: Այս տվյալները վեր են հանվել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Աշխարհի բնակչությունը» 2018 թ. զեկույցի շրջանակում: Զեկույցը անդրադարձել է աշխարհում, այդ թվում` Հայաստանում բնակչության թվաքանակի և ծնելիության փոփոխության միտումներին, բնակչության վերարտադրողական նախընտրություններին:

«Ծնունդների թիվը Հայաստանում շարունակում է նվազել: 2018 թ. առաջին եռամսյակում 1000 երեխա ավելի քիչ է ծնվել, քան 2017թ. նույն ժամանակահատվածում: Մահացության ցուցանիշը անցյալ տարվա համեմատ 1500-ով պակասել է: Ամուսնությունների թիվը նվազում է, ամուսնալուծությունների թիվը գնալով աճում, իսկ ամուսնության տարիքը բարձրացել է», -ասում է Աննա Հովհաննիսյանը:

Նա շեշտում է, որ ըստ ՄԱԿ-ի սանդղակի` Հայաստանը համարվում է ծերացող երկիր: «Հայաստանում տարեցների թիվը կազմում է բնակչության 13 տոկոսը, իսկ ըստ ՄԱԿ-ի սանդղակի, 7 տոկոսից բարձր տարեցների թիվ ունեցող հասարակությունը համարվում է արդեն ծերացող: Մինչև 2050 թիվը կանխատեսվում է, որ Հայաստանում տարեցների թիվը կհասնի 22 տոկոսի», -հավելում է Աննա Հովհաննիսյանը:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանն ասում է, որ աշխարհում ամենաբարձր ծնելիության գործակիցն ունի Նիգերը՝ 6.6 գործակից, ամենացածրը Չինաստանի նահանգներից մեկինն է՝ 1.1 գործակից:

Ըստ զեկույցի տվյալների` վերջին 150 տարվա ընթացքում և հատկապես 1960-ական թվականներից ի վեր, աշխարհի գրեթե բոլոր երկրներում ծնելիության մակարդակը նվազել է: Նախկին իրավիճակի փոխարեն, երբ աշխարհի բոլոր երկրներում ծնելիության մակարդակը մեկ կնոջ հաշվով կազմում էր հինգ և ավելի երեխա, այսօր 1 միլիոն և ավելի բնակչություն ունեցող երկրների մեծամասնությունում կազմում է 2.5 կամ ցածր:

«Արևելյան Եվրոպայի բոլոր երկրներում ծնելիության գումարային գործակիցը ցածր է պարզ վերարտադրության մակարդակից 2.1 երեխա` մեկ կնոջ հաշվով, որոշ դեպքերում ` ցածր է 1.5-ից: Այս շարքում է նաև Հայաստանը: Հարավային Կովկասում իր անմիջական հարևանների համեմատությամբ, Հայաստանում ծնելիության գործակիցն ամենացածրն է», -ասում է Ծովինար Հարությունյանը:

Նրա խոսքով` ծնելիության նվազումը թողնում է իր հետևանքները. բացասաբար է ազդում երկրի տնտեսության վրա, բնակչությանը տանում է ծերացման և բարձրացնում է ազգային անվտանգության խնդիր: Ծովինար Հարությունյանը շեշտում է, որ կառավարությունները վերարտադրությանը վերաբերող քաղաքականություններով պետք է կարողանան ապահովել մարդկանց սեփական ընտրությամբ ցանկալի թվով երեխաներ ունենալու հնարավորությունը, «որովհետև այն ահռելի ազդեցություն է ունենալու երկրի ապագայի վրա: Հայաստանում երեխաների առավել ցանկալի թիվը 3-ն է, մինչդեռ ընտանիքները ունենում են 1-2-ը»: