Խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ հանրապետականների խայտաբղետությունն ավելի լավ է երևում։ Թե ով ինչի համար է մտել այդ կուսակցության շարքերը, տարիների ընթացքում մարդիկ հասկացել էին, վերջին մի քանի ամսում էլ համոզվեցին։ Ու որքան էլ քաղաքական այդ ուժի անկման համար ափսոսան ու գաղափարախոսության մասին հայտարարեն նրա իսկապես սրտացավ ներկայացուցիչները (որոնք հատուկենտ են), կարծիք փոխել չեն կարող։

Երբ վրա հասավ փորձության ժամը, օրենսդիր մարմնում տարբեր ձևերով ու նպատակներով հայտնվածներից ոմանք սեփական կաշին փրկելու պարզ ուղիներ ընտրեցին, ոմանք էլ դրա համար ավելի հարմար ու ոչ անկնհայտ տարբերակներ էին փնտրում։ Պարզվում է՝ նման որոնումների մեջ էր նաև Ալիկ Սարգսյանը, ով հարմար պահը որսաց ու ճկուն ձևով փորձեց ապահովագրել իրեն՝ թե´ կուսակիցների մոտ, թե´ ժողովրդի։

Օրեր առաջ հյուրընկալվելով «Հեռանկարի» տաղավարում՝ հանրապետական պատգամավորը, պահպանելով բալանսը, և´ ժողովրդի դարդը «կիսեց», և´ ՀՀԿ-ին սատար կանգնեց։ Հանրապետականների հետ երկար ճանապարհ անցած ու այդ ընթացքում բազմաթիվ պաշտոններ զբաղեցրած Սարգսյանն այնքան հեռատեսություն է հասցրել ձեռք բերել, որ առանձնապես ջանք չէր թափում կուսակիցների ու ժողովրդի միջև բալանսը պահելու համար։ Ի տարբերություն պարզունակ ճանապարհով ջրից չոր դուրս եկողների, Ալիկ Սարգսյանը շատ նուրբ ձևով էր դա փորձում անել. փաստելով ՀՀԿ-ի հանդեպ ժողովրդի կորցրած վստահության մասին, պատգամավորը վստահորեն հայտարարեց՝ ՀՀԿ-ի վերակազմավորման անհրաժեշտության մասին ինքը դեռ վաղուց էր խոսում։

Թե ինչպես ստացվեց, որ ՀՀԿ-ն կորցրեց վստահությունը հանրության շրջանում, պարզվում է, Ալիկ Սարգսյանը շատ լավ գիտի ու հենց դա իմանալով է կուսակցության ինքնամաքրման խնդիրն առաջադրել (բայց անհասկանալի է մնում, թե այդ առաջարկն ում է արել)։ ՀՀԿ-ի հեղինակազրկման մեղավորները, Սարգսյանի խորին համոզմամբ, «կուսակցության շարքերը սողոսկած ֆինանսական օլիգարխիան է»։ Կոնկրետ անուններ նախկին ոստիկանապետ, հետո նախագահի խորհրդական, հիմա էլ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը չի տալիս, բայց որպեսզի մարդիկ հանկարծ սխալ բաներ չմտածեն, ինքն իրեն էն գլխից հանում է այդ չհրապարակված ցուցակից. «Խնդրում եմ բոոլորին մի արշինով մի չափեք. ՀՀԿ-ում լուրջ մտավոր կորիզ կա, մարդիկ կան, ովքեր գաղափարների շուրջ են հավաքված, ուղղակի քանի որ ժողովուրդը բոլորին նույն կերպ է նայում, նրանք էլ չեն ընդունվում, քննադատվում են»։

Պնդումը, որ նախկին ոստիկանապետն ինքն իրեն վեհ գաղափարների շուրջ հավաքվածների շարքում է դասում, հաստատում է Արամ Աբրահամյանի հարցին՝ պատրաստվո՞ւմ է լքել ՀՀԿ-ն, թե ոչ, նրա տված բացասական պատասխանը։

Դատեք ինքներդ, եթե կուսակցության վերակազմավորումը կամ այլ կերպ ասած՝ ինքնամաքրումն անհրաժեշտություն համարող պատգամավորն ասում է, որ ինքը կուսակցությունից հեռանալու պատճառ չի տեսնում, արդյո՞ք դա չի նշանակում, որ ինքն իրեն քաղաքական ուժի մտավոր կորիզի մաս է համարում։

Ուղղակի հետաքրքիրն այն է, թե ՀՀԿ-ի հռչակած գաղափարներից որ մեկին է հետևել Սարգսյանը, որ ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնելիս նրա եկամտի չափը եղել է 4 միլիոն 886 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 27 միլիոն 598 հազար դրամ։ Այս, ինչպես նաև նրա սեփականությունը հանդիսացող հողատարածքների, տների, հասարակական օբյեկտների մասին տվյալները բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում պարզ երևում են։