Հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցող ընտրություններում հաղթողը մեկ սուբյեկտ է լինելու, և դա լինելու է ընտրողը: Այս մասին երեկ Արմավիրի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խուդաթյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մեր ամենամեծ առաքելությունը ժողովրդի իշխանությունը վերականգնելն է, և ձեր իշխանությունը, սիրելի՛ ժողովուրդ, արդեն վերականգնված է, որովհետև մինչև հիմա ՀՀ-ում հարյուր հազարավոր քաղաքացիներ քվեարկելու հնարավորություն ունեին, բայց ձայն չունեին», -ասել է Փաշինյանն ու վստահեցրել, որ այսուհետ ոչ մի ձայն չի կեղծվելու։

Ներկայացնելով Դավիթ Խուդաթյանին՝ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ինչպես կառավարության անդամները բացի ժողովրդից ոչ մի պարտավորություն չունեն որևէ մեկի առաջ, նույնպես էլ իրենց թեկնածուն ընտրվելու դեպքում հաշվետու կլինի միայն ու միայն արմավիրցիներին։ «Մեր միակ պարտավորությունը ժողովրդի նկատմամբ է, և սա է մեր հեղափոխության առաջնահերթությունը: Սա է պատճառը, որ մեր հեղափոխությունը հաջողություն չունենալու տարբերակ չունի», -ասել է վարչապետի պաշտոնակատարը և ևս մեկ անգամ հորդորել քվեարկել Դավիթ Խուդաթյանի օգտին՝ հավաստիացնելով. Որ նա ժողովրդի վստահությունը գետնով չեն տա։