ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Associated Press գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը հաստատ իր թեկնածությունն առաջադրելու է երկրորդ ժամկետի համար եւ կմասնակցի 2020 թվականի նախագահական ընտրություններին, որպեսզի պահպանի այն հաջողությունները, որոնք ձեռք են բերվել իր վարչակազմի աշխատանքի ընթացքում։

«Անելու բան միշտ էլ կա: Գիտեք, նոր նշանաբանն է՝ «Պահպանենք մեծ Ամերիկան»: Ես չեմ ցանկանում, որ որեւէ մեկը քանդի այն, չէ որ ես կարող եմ հիանալի աշխատանք կատարել: Բայց սխալ մարդը, որը կարող է ինձ փոխարինելու գալ, ով սեղանի շուրջը կնստի Սպիտակ տանը, կարող է շատ արագորեն քանդել այն, եթե նրանք ճիշտ բաներ չանեն (վարչակազմում): Այնպես որ՝ ես հաստատ մասնակցելու եմ ընտրություններին», -հավելել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե, նախագահի կարծիքով ով կարող է նրա մրցակիցը լինել 2020 թվականի ընտրություններում, Թրամփը հիշատակել է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին: Թրամփը նշել է, որ Բայդենը հիանալի էր կատարում իր պարտականությունները որպես փոխնախագահ, սակայն շատ ցածր ժողովրդականություն ուներ որպես նախագահի հնարավոր թեկնածու, հաղորդել է «Ինտերֆաքսը»: