Ես՝ Արգիշտիս, որդին Մենուայի, իմ ողջ պատկառազդու պատկերով հառնում եմ քո առաջ, քաղաքիս ո՜վ նոր քաղաքապետ, որ քեզ տամ… «նակազ»:

Եւ ուրեմն էդ իմ պատկերը մտքումդ պահիր, որ ո՛ր օրը սխալ քայլ արիր, ո՛ր օրը զգացիր սխալդ ու մտքիդ մեջ ասիր. «Այս ի՞նչ քայլ էր իմ այսօրվա քայլը», էդ օրն էրազումդ ե՛ս եմ «իմ քայլն» անելու: Իսկ «ի՛մ քայլի» շուրջ, պետք է որ կարդացած լինես, թե ինչ լեգենդներ կան:

Մտքումդ պահի՛ր նաև էն 782 թիվը, որ «ինաուգուրացիայիդ» պահին կողքիդ գրված էր: Էդ թիվը ոչ թե ՀՀԿ-ի հավաքելիք ձայնների քանակն էր լինելու, եթե իհարկե մասնակցեին որևէ ընտրության, ոչ էլ 782 թվականն է, այլ մինուս 782 թվականը, այսինքն՝ մ.թ.ա.: Էնպես որ 2800 տարեկան քաղաքի քաղաքապետ են քեզ ընտրել մարդիկ: Հռոմը չկար, Հռոմը ո՞ւր էր, որ կառուցեցի:

Քաղաքս կառուցապատելիս ո՛չ մի գող, ո՛չ մի ավազակ չպետք է մասնակցի տենդերի, ինպես առաջ էր: Տենդե՜ր: Էդ տենդերի զոհ ձեր այդ Հյուսիսային պողոտայի վրա ծախսածով ես մի Վերին Բաբելոն, մի հատ էլ նոր Ներքին Բաբելոն կկառուցեի, ընդ որում՝ մեզ համար, ոչ թե ուրիշի:

Մի քանի հոգով քաղաքիս կենտրոնը լրիվ զավթեցին, իրենցով արին: Մի միլիոն մարդուց 999 հազար 900 հոգու քշեցին քաղաքիս ծայրամասերն ու խրյուշչովկեքը, ու տեր դարձան արքունի քաղաքիս սրտին: Փաստորեն, քաղաքս օկուպացրեցին, անեքսիա արին: Ուստի քաղաքիս հպա՜րտ քաղաքապետ տիար Մարության, քաղաքը պիտի ազատագրես ու վերադարձնես իր օրինական տերերին՝ Հայաստանի Հանրապետության հպա՜րտ քաղաքացիներին: Թե չէ, ինչի՞ նման է, մարդիկ իրենց սեփական քաղաքի կենտրոն են գնում՝ իրենց անկոչ հյուր կամ լավագույն դեպքում տնվոր են զգում: Փոխանակ իրենց տեսածից խնդան, դրանց տերերի անդուր պատկերից ներվ են քայքայում:

Հորդորս անտեսեցիր՝ չփոշմանես. կաբինետդ ձիով կբարձրանամ, ու կփոշմանես, որ քաղաքիս գլխին «մեռ» կարգվեցիր.: Մնացածն արդեն գլխի ես ընկնում:

Ամեն մի նոր կառուցվող բանի հաշվով չմոռանաս, ուշադիր կնայես, թե ինչն ինչքան պիտի արժենար, մինչդեռ իրականում ինչքան են գրել, թե իբր «արժեցել» է, տարբերությունը հետ կվերադարձնես երկրի ու քաղաքիս թալանված բյուջե: Ի միջի այլոց, նկատեմ ու քեզ դրվատեմ, որ սկիզբը լավ էս դրել՝ քաղաքի տոնակատարության ծախսերի նախահաշվարկը համարյա միլիարդուկեսով պակասեցնելով: Սակայն դրա՜նց էլ կհսկես, էղա՞վ. ի՞նչ իմանաս, գուցե կարելի էր ոչ թե միլիարդուկես, այլ էրկո՞ւ միլիարդ ըտեղ հետ գցել, թեպետ ողջ էղած նախահաշիվը 1 միլիարդ 700 հազար էր ընդամենը (դրանք էնքա՜ն կերած ու չգրած կունենան):

Հյուսիսային պողոտայից գանք քաղաքիս փողոցներին: Սա բան է, որ արել են քաղաքիս գլխին: Դժոխքի պարունակները հերթով հաղթահարած Դանթեին բերենք մե՛ր էս «պարունակները»՝ մե՛ր փողոցները, որ հաղթահարի, հաղթահարելիս էրեխու նման վախենամ թե վշտից հեծկլտա: Մի ճար մտածի՛ր, ա՛յր քաջագանգուր, մի կերպ թեթևացրու երթևեկությունն էդ խճճագանգուր, բեռնաթափի՛ր էդ փողոցները հեգ: Ասել եմ, էլի՛ ասեմ. ես էս քաղաքս ո՛չ իմ ձիերի, ո՛չ ձեր իշուց ընկած, բայց կողի չեկած օլիգարխների ու դրանց ավտոների համար եմ կառուցել. մարդկա՛նց համար եմ քաղաքս կառուցել: Եւ ուրեմն ազատագրիր ավտոներից քաղաքս ու տո՛ւր իր օրինական տիրոջը՝ մարդկանց…

Մի «նակազ» ևս, ա՛յրդ պնդաբազուկ, ա՛յրդ լայնալանջ: Ամեն անգամ քաղաքիս փողոցների էսօրվա գովազդը տեսնելիս, աչքիս առաջ էլի էն վհուկ Շամիրամն է գալիս: Ու գիտե՞ս ինչ. Շամիրամի պատկերը ձեր էդ գովազդների դեմ մի հատ Մոնա Լիզա ու մայր Թերեզա է: Մի հատ կարգի ու շնորհքի՛ բեր դրանք, մանվանդ որ մի ժամանակ դու էլ էդ գովազդների աստղերից էիր ու դրանց գործի խորամանկություններին տեղյակ կլինես: Էնպես արա՛, որ էդ գովազդից զատ, մեկ-մեկ ուրիշ բա՜ն էլ քաղաքումս երևա, թե չէ դրանք նե՛նց են քաղաքս ծածկել, որ ո՛չ շենք, ո՛չ տուն, ո՛չ այգի, ո՛չ հուշարձան տեսնել չի լինում. ոչ մի տեսարժան վա՛յր տեսնել չի լինում: Եթե մի քիչ էլ սենց շարունակեք, տուրիստներին, ստիպված, ուղղաթիռներով պտի ման տաք, որ, բացի գովազդից, մի ուրիշ բան էլ էդ մարդիկ տեսնեն:

Մի զարմանալի բա՜ն էլ, ո՜վ այրդ բնիկ էրեբունցի, բայց Էրեբունու թանգարան գեթ մի՛ անգամ, ավա՜ղ, չայցելած, մի՜ անգամ գոնե իմ դուռը չեկած: Գայի՜ր մի հատ, ո՜վ այրդ բազմազբաղ. աշխարհը մարդ էր մեջ գցում, որ գային, ինձնից խորհուրդ հարցնեին, դու մի հատ չեկար, որ ասեի՝ ինչ անես: Գայի՜ր, դնեի ձիուս գավակին ու ման տայի քեզ, որ իմանային՝ ի՜նչ շրջապատ ունես: Մենակ էն Րաֆֆին բարեհաճեց գալ, էն էլ իրան ի՞նչ ասեի. ասեի, որ ինքն էլ ո՞ւմ ասեր. անխիղճը սկի մի տոկոս չհավաքեց ախր:
Ասելիք շատ կա, բայց մնացածն էլ մնա հաջորդ անգամներին:

Էսօրվա խոսքս ամփոփեմ այսպես.
-Ես՝ Արգիշտիս՝ որդին Մենուայի, շնորհավորում եմ քեզ երդմնակալությանդ ու քաղաքապետի պաշտոնն ստանձնելուդ առթիվ: Էդ լանջաշղթան էլ, որ գցին պարանոցիդ, նախ բարով մաշես, երկրորդ էդ ըտենց հանկարծ չթողնես, կհանես, սեյֆը սիրո՜ւն կդնես, էղա՞վ, որ հա՜ չզնգզնգա, հա՜ չխանգարի՝ նորմալ աշխատես:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հ.Գ. Ինչ վերաբերում է էդ աղբը հավաքելուն, հա՜, ասի՝ քաղաքս աղբից ազատի՛ր, բայց չասի՝ անձա՛մբ գնա-հավաքիր. աշխատողներիդ ականջից բռնի՛ր, տա՛ր, թող հավաքեն, թե չէ գնում ես, շոր ես մխտռում, որ ի՞նչ. որ ասեն քաղաքիս հպա՜րտ քաղաքապետը տանը շոր լվացող չունի՞…