Մամուլում աղմուկ է, թե ՀՀԿ-ն բաժանվում է երկու մասի՜, ՀՀԿ-ն կիսվո՜ւմ է:
Էդ կիսվելն էլ, ժողովուրդ, գիտե՞ս ո՛րն է:
Ապրե՜ս, կռահեցիր. բոլորը դուրս են գալիս ՀՀԿ-ից, գնում են ուրիշ տեղ, տակը մնում է Շարմազանով-Աշոտյան «գեղասահքի» զույգը…

Բայց ախր կեսերի հավասարության օրենք կար, բան կար:
Կար, բայց մինչև էսօր:
Էսօրվանից էն աղջիկն էլի մի հատ օրինագիծ՝ քնահարամ արած երեսփոխանների հետ, գիշերո՛վ, բրթել-ճանկռելո՛վ, ԱԺ կմտցնի, «խեղճ-խաբված» սևերես եղած երեսփոխաններին երեսի զոռով քվեարկել կտա, ու կեսերն այդուհետ էլ իրար հավասար չեն լինի, հազար Պյութագորաս ու Գաուս լինի…
Արդյունքում՝ մի կեսը Աշոտյան-Շարմազանով զույգը կհռչակվի, մյուս կեսը՝ ՀՀԿ մնացած բոլոր անդամները՝ ներառյալ «կեսերի» էդ նոր օրենքը մարդկանց վրա սաղացրած էն աղջկան, որն իր գործն արած, ինքը ևս ՀՀԿ-ից պո՜ւկ կճողոպրի:

Մնում է պարզել արտաքուստ հասարակ, բայց, որ խորանաս, բարդագո՛ւյն մի հարց: Ավելի ճիշտ՝ երկու:
Առաջի՛ն, Աշոտյան-Շարմազանով էդ «հպարտ» զույգից ո՛րն է իրեն ՀՀԿ-ից ՀՀ վարչապետ առաջադրելու, ասել կուզի՝ «ցուցակը գլխավորելու», և, երկրորդ, բա որ բացի իրենցից ցուցակում էլ մարդ չի լինելու, բա ո՞նց է լինելու:

Պատկերացնո՞ւմ եք, ժողովո՛ւրդ, ՀՀԿ-ն հաղթում է ձայների խայտառակ մեծամասնությամբ ու տեղում խայտառակ լինում, քանզի պառլամենտում իրեն հատկացվում է 70-80 տեղ, իսկ ցուցակում էրկու հոգի է միայն:
Ոչ միայն ՀՀ, այլև աշխարհի ցանկացած երկրի սահմանադրություն այս առթիվ… լռում է:
Եւ ուստի, եկե՛ք, մենք, որ այս աշխարհում ամեն ինչում միշտ առաջինն ենք լինում, քանզի ամեն անգամ մերն ուրիշ է լինում, այս պարագայում ևս առաջինն ու ուրիշ լինենք, դնենք, մեր սահմանադրությունն այս առումով փոխենք: Փոխելիս հաշվի առնենք Շարմազանով-Աշոտյան զույգի գործոնը և այն մեր գլխին գալիք «փորձոնը», երբ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնությամբ կհաղթի ու պառլամենտում կստանա 70-80 տեղ, սակայն իր ցուցակում էրկու հոգուց ավել մարդ, ավա՜ղ, չի լինի:

Եւ ինչ կե՞րպ փոխենք սահմանադրությունը, որ էդ «ավա՜ղ»-ի դեմը գլխանց, հիմիկվանից առնենք:
Առաջարկում եմ մի այսպիսի ճար:
Եթե ՀՀԿ-ն հաղթում է, սակայն 2 հոգուց ավել մարդ չի ունենում, որ պառլամենտ «լցնի», սահմանադրության մեջ մի կետ ավելացնենք, որ այդ դեպքում ՀՀԿ-ին իրավունք ու հնարավորություն է վերապահվում աճուրդ-աուկցիոն անցկացնելու: Ու էդ «նիդաբոռը» ՝ էդ թափուր, բայց թառլա՜ն տեղերը՝ իրանց մանդատ-«սերտիֆիկացիայով», ՀՀԿ-ի անունից ՀՀԿ-ի էդ զույգ խլյակները լոտերով սիրուն վաճառքի հանում ու ամեն տեղի կամ ամեն լոտի վաճառքից կոնկրետ, ասենք, 20 տոկոս մեր պետությանը հարկ են վճարում: Այսկերպ համ ՀՀԿ-ն նորից ոտքի կկանգնի ու կթփռոշանա, համ էլ պետությունը դրանցից վերջապես մի խեր կստանա:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ