Պատմությունը հիշաչար է և աններող:
Անհայտ պատմիչ, մեր օրեր

Մելիք-Ադամյան 8-ում հասցեում չարագուժորեն ինչ-որ շատ մնաց ՀՀԿ-ի կուսակցապատկան դղյակը, որի նաև սևավոր տեսքն ակամայից մղում է մտածելու, որ այստեղ սև գործերի սիրահարներ են ծվարած, ու բույնն այդ, ի շահ Հայաստանի Հանրապետության, ենթակա է լրջմիտ վերաբերմունքի արժանացման: Ասել է թե գերհասունացել է Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակն ազգայնացնելու ժամանակը: Բնականաբար նման գերխնդիրը պետք է ունենա իր գիտական, բարոյահոգեբանական և, վերջապես, գաստրոնոմիական հիմավորումը:

Սկսենք գիտականից:
ՀՀԿ-ն դասական իմաստով բնավ էլ կուսակցական կառույց չի եղել ու չէ, քանի որ հատկապես կուսակցության տնտեսվարող թևը կատարելապես անտեղյակ է ոչ միայն ՀՀԿ-ի կանոնադրական պահանջներից և ծրագրերից, այլև մեծ դժվարությամբ է զանազանում հարազատ ՀՀԿ-ի գաղափարախոսությունը ռուսական կոմկուսի կամ էլ իտալական ֆաշիզմի գաղափարախոսությունից: Ոմանք (օրինակ՝ ՀՀԿ հիմնադիր Ռազմիկ Զոհրաբյանը) վերջերս հաճախ են շփոթում կուսակցության ազգային-արմատական պահանջատիրությունն ազգադավության հետ՝ 2016-ի ապրիլի սկզբին ՀՀԿ-ի քաղաքական ու զինվորական գեներալիտետն առանց աչքը թարթելու Ադրբեջանին նվիրաբերեց 800 հեկտար հողատարածք՝ պատճառաբանելով, որ դրանք անմշակ, ոչ ջրդի, անպիտանի հողեր էին՝ այդպես էլ ի զորու չլինելով զանազանել անպիտանին ոչ պիտանիից: Ըստ Զոհրաբյանի, Աշոտյանի, Նաղդալյանի և մյուսների, անմշակ հողը հայրենիք չէ, և հայրենի եզերք է համարվում այն հողատարածքը, որի վրա աճում է դդում, կանեփ, կակաչ և թարս բուսնող խիար:

Համաձայն բարոյահոգեբանական հիմնավորման, ՀՀԿ-ն վերջին 10 տարիներին մշտապես ենթարկվում է համաժողովրդական հոգնաների:
Բայց եթե մինչև 2018-ի ապրիլը նշյալ հոգնան հեռակա ներգործություն ուներ, ապա Սերժ Ազատիչի հրաժարականից հետո համաժողովրդական (ավելի ստույգ՝ համահայկական) հոգնան ավելի ու ավելի առարկայական է դառնում: Եկեք մի պահ պատկերացնենք, թե ինչ կկատարվի Մելիք-Ադամյան փողոցում, եթե ՀՀԿ գործադիր մարմինը ենթարկվի համաժողովրդական, իսկ քաղաքական խորհուրդը՝ համահայկական հոգնայի:

Ըստ գաստրոնոմիական հիմնավորման, ՀՀԿ քրեաօլիգարխիան, որ նույն պաշտոնական դասն է, մշտական խնջույքներում, պարբերական հարսանիքներում, պատահական խաշկերույթներում և այլնում միայն մեկ օրվա կտրվածքով ի զորու էր կլանելու մեկ տարվա սնունդ: Բնականաբար կաշալոտի կենսակերպից նորմալ մարդու կենցաղավարության անցնելու համար, իսկ դրա համար ավելի քան բավարար նախապայամաններ է ստեղծել հայաստանյան թավշյա, սիրո ու հանդուրժողության հեղափոխությունը, նրանք պետք է մնացած ողջ կյանքի ընթացքում անցնեն խստագույն ծոմապահության: Սակայն քանի որ անհնար է մուտք գործել Մելիք-Ադամյան 8 ու չվարակվել ամեն բան կլանելու կուսակցական մոլուցքով, անհրաժեշտ է վերն ասված անհրաժեշտը՝ անհապաղ ազգայնացնել ՀՀԿ-ի կենտրոնակայանը:

                                                                                                      Զարզանդ ԶԵՓՅՈւՌՅԱՆ