Պարզվում է՝ հայերս «աչք ունենք» մեր իսկ սեփական հողերի վրա։ Ստամբուլում հրատարակվող «Հայ թերթ» պարբերականի տեղեկությամբ՝ Թուրքիայում գործող «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի» միությունը բողոքել է հայկական ապրանքատեսակների վրա «Արարատ», «Անի», «Վան», «Աղթամար» և Արևմտյան Հայաստանի այլ վայրերի պատմական անվանումների գործածությունից: Դա զարմանալի չէ այնքանով, որ Թուրքիայում գործող այդ միությունը վաղուց հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերը հերքող արշավներով:

Միության նախագահ Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, որ դրանք «թուրքական հողեր են», իսկ հայկական ապրանքները կամ բրենդները նման անուններով կոչելով՝ հայերն ապացուցում են, որ «աչք ունեն Թուրքիայի հողերի վրա»: Պարզ է, որ հերթական անգամ փորձ է արվում խեղաթյուրել պատմական փաստերը, և ամեն ինչ ներկայացնել հօգուտ իրենց երկրի շահերի։ Միության նախագահը քննադատել է թուրքական իշխանություններին, որ թույլատրել են Վանի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ մատուցել։ Գյուլբեյի պնդմամբ՝ դա այլևս ոչ թե կրոնական, այլ քաղաքական միտում ունեցող միջոցառում է, ինչի ապացույցն են Հայաստանի դրոշներով կղզի մտնել փորձող հայ զբոսաշրջիկները:

                                                                                                                          Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ