Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը EVN Report-ի հետ զրույցում բացառել է Արցախյան հակամարտության հարցի կարգավորումն առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»։ Նա բավականին զարմացած կերպով ասել է, թե մշտապես այն կարծիքին է եղել, որ Հայաստանը խաղաղության դիմաց պետք է հանձներ այսպես կոչված «օկուպացված տարածքները»։ Ի՞նչ է սա նշանակում։ Մի՞թե տարիներ շարունակ Հայաստանը խաբել է ԱՄՆ-ին՝ հավատացնելով, թե ղարաբաղյան հարցի հանգուցալուծումն ի վերջո հող հանձնելն է։ ԱՄՆ-ն անհաղո՞րդ ինչ է, թե ով է ում հող «պարտք»։

Հետաքրքրական է դեսպանի այն միտքը, թե հայ ժողովուրդն, ի վերջո, պետք է որոշի` ո՞ր լուծմանն է ինքը պատրաստ։

«Ես զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եմ եկել եւ պարզել, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է եղել օկուպացված տարածքների վերադարձին` որպես բանակցային գործընթացի մի մաս: Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին: Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին հետագայում «Հող՝ խաղաղության դիմաց» բանաձեւում օգտագործվելու համար: Իսկապես շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլեւս որեւէ աջակցություն չունի», -ասել է Ռիչարդ Միլսը:

Միլսը շեշտել է՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմն էլ ավելի է սրել հայերի ընկալումները. «Սակայն դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ»։