Պետք է դադարեցել հասարակությունը «նախկինների» և «նորերի» բաժանելու փորձերը: Խիստ մտահոգիչ է համացանցում ու հատկապես սոցիալական մեդիայում վիրավորանքի, արժանապատվությունը վիրավորող ու ատելության խոսքի տարածվածությունը:

Նպատակային դիտարկումը վկայում է, որ այլակարծությունը շարունակում է արժանանալ անհանդուրժողական վերաբերմունքի՝ ուղեկցվելով նաև ագրեսիվ բնույթի արձագանքներով։ Հաճախ հաշվի չի էլ առնվում արտահայտվող խոսքի բովանդակությունը կամ դա արվում է միայն կարծիք հայտնողի անձը հաշվի առնելով։ Այս վիճակը շարունակվում է արդեն տևական ժամանակ և վտանգավոր է երկրում համերաշխության ու հանդուրժողականության և ի վերջո՝ մարդու իրավունքների համակարգի տեսանկյունից։

Մեր երկիրը ներկայում կանգնած է համակարգային բնույթի հիմնարար փոփոխությունների ու մարդու իրավունքների տեսանկյունից մարտահրավերների առաջ։ Մենք պետք է բոլոր խնդիրների լուծումն ապահովենք համերաշխության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում․սա է մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելու և առկա խնդիրները լիարժեք լուծելու գլխավոր գրավականը։ Դարձյալ հարկ եմ համարում արձանագրել, որ պետք է դադարեցնել հասարակությունը «նախկինների» ու «նորերի» բաժանելու փորձերը կամ այդ սկզբունքներով առաջնորդվելը։

Բոլորին խնդրում եմ նկատի ունենալ այս դիտարկումները։ Հանրային պաշտոն զբաղեցնող և հանրային գործունեություն ծավալող անձանցից հատկապես պահանջում եմ խստորեն պահպանել երկրի Սահմանադրությամբ, օրենքներով կամ իրավական մյուս ակտերով իրենց վերապահված իրավական կարգավիճակի սահմանները և սեփական վարքագծի օրինակով նպաստել համերաշխության մթնոլորտի ու փոխադարձ հարգանքի երաշխավորմանը։

Արման Թաթոյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան