Երեկ երեկոյան 10 տարի ժամկետով վաղաժամկետ ազատ արձակվեց ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանը։ Վերջինս 23 տարի անցկացրել է բանտում՝ 13 տարի Կալիֆոռնիայի բանտում, և միայն 2009թ-ից՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Օգանեսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել չմտածված սպանություն կատարելու մեղադրանքով՝ 21 տարեկան հասակում։

«Տարիներով ձևավորված մշակույթ կոտրվեց այսօր․դատարանը և դատախազը փաստական հանգամանքների հիման վրա օբյեկտիվ դիրքորոշում հայտնեցին։ Այս որոշումը մյուս դատապարտյալների համար լավ օրինակ և հիմք կարող են հանդիսանալ, որ վերանայեն իրենց վարքագիծը», -Forrights-ի հետ զրույցում ասել է Կարեն Օգանեսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Նրա խոսքերով՝ սա առաջին անգամն է, որ ցմահ դատապարտյալը վաղաժամկետ ազատ է արձակվում ոչ հիվանդության հիմքով։

Վաղաժամկետ ազատ արձակման համար Օգանեսյանը 2 անգամ դիմել է ՔԿՀ-ին, սակայն ՔԿՀ-ն բացասական եզրակացություն էր տվել, ուստի դատարանը չի բողոքարկել որոշումները։ Իսկ երեկ պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանին ներկայացրեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կողմից Կարեն Օգանեսյանի դրական բնութագիրը, վերջինիս աշխատանքի տեղավորելու մասին կազմակերպության գրավոր առաջարկը և փաստեց, որ պատիժը կրելու ընթացքում իր պաշտպանյալն ամուսնացել է և իր խնամքի տակ ունի 2,5 տարեկան երեխա։

Կարեն Օգանեսյանը, օգտվելով դատարանի ընձեռած խոսքի իրավունքից, ընդգծեց՝ հենց սկզբից ընդունել է առաջադրված մեղադրանքը և անկեղծորեն զղջացել արածի համար, որից հետո մանրամասնեց 23 տարի առաջ կատարվածի մանրամասները․«Դեպքը տեղի է ունեցել 1996թ․ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բևեռլի Հիլզ քաղաքում։ Այդ օրն աշխատանքս ավարտելուց հետո հանդիպել եմ ընկերոջս ու իր հետ գնացել ենք ընկերուհուն տեսնելու։ Երբ մենք երեքով խոսում էինք, ագրեսիվ վիճակում մեզ մոտեցան մի քանի մեքսիկացի։ Սկզբից չեմ նկատել, որ ընկերոջս հետ վիճում են, քանի որ մի փոքր հեռու կանգնած խոսում էի ընկերուհու հետ։ Հանկարծ 2 կրակոց լսեցի, շրջվեցի ու տեսա ընկերս ընկած է, դեմքն էլ արնաշաղախ է։ Իմ և ընկերոջս անվտանգությունից ելնելով՝ արագ հանեցի ինձ ամրակցված ատրճանակը, որն աշխատանքի բերումով օրինական է ինձ տրվել, ու 2 անգամ կրակեցի մեքսիկների ուղղությամբ։ Միայն հետո եմ իմացել, որ նրանք մահացել են»։

Վերջում Օգանեսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ին և հավելեց, որ ազատության մեջ հայտնվելուց հետո, խոստանում է արդարացնել բոլոր սպասելիքները։