Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկը մյուսի հետևից անխնա հարցազրույցներ է տալիս՝ ամեն կերպ փորձելով իր մասին հիշեցնել տալ ու իր ձայնին արձագանք ստանալ։ Եվ ինչպես վաղուց արդեն զարմանալի չէ, հերթական հարցազրույցը կրկին ռուսական լրատվամիջոցին է տվել։

РИА Новости-ի հետ զրույցում Քոչարյանը մասնավորապես շեշտել է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կարող է քաղաքական մենաշնորհի հաստատման հանգեցնել. «Տակտիկապես հասկանալի վարքագիծ է՝ հաջողության հասնել հիմա, երբ ժողովրդականություն վայելելու գագաթնակետին ես: Մարտավարական առումով խնդիրներ եմ տեսնում։ Այսինքն՝ որպես քաղաքական գործիչ դու շահում ես, իսկ որպես պետական գործիչ՝ դեռ պետք է մտածել. արդյո՞ք դա պետք էր անել հիմա»։

Քոչարյանը կասկած է հայտնել՝ էյֆորիայի պայմաններում իսկապես արժանի խորհրդարան ընտրելու վերաբերյալ. «Չեմ կարծում, որ պետության շահերի տեսանկյունից, նոր քաղաքական մենաշնորհ ձևավորելը ճիշտ է»։ Նրա կարծիքով՝ ամբողջական իշխանությունը նաև ամբողջական պատասխանատվություն է. «Նոր իշխանություն կձևավորվի։ Այդ պահից ի վեր այդ իշխանությունը պետք է պատասխանատվություն կրի այն ամենի համար, ինչ տեղի է ունենում երկրում»։

Այս հարցազրույցից տպավորություն է, որ Քոչարյանը պարզապես օգտագործում է յուրաքանչյուր լծակ հանրությանը որոշակի ազդակներ փոխանցելու համար։ Թերևս այս հարցազրույցում ոչ մի նոր բան չկա, Քոչարյանը կրկնում է այն, ինչ մինչև այդ այլ հարցազրույցներում է ասել փոքր-ինչ այլ ձևակերպումներով։ Թե որն է Քոչարյանի կոնկրետ նպատակն այս պահին, հասկանալի չէ։ Հետաքրքրական է, որ քաղաքական ասպարեզ վերադառնալու ամենասկզբում Քոչարյանը շատ ավելի վստահորեն էր նշում իր վերադարձի ու կոնկրետ քայլերի մասին։ Այժմ մարե՞լ է այդ վստահությունը, թե՞ պարզապես փոխվել է գործելաոճի քաղաքականությունը։