Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը 4:0 հաշվով տնային հաղթանակ տարավ խմբի առաջատար մակեդոնացիների նկատմամբ եւ պահպանում է հաջորդ փուլ դուրս գալու շանսերը: Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպման առաջին րոպեից մինչեւ վերջին վայրկյանը գերմոտիվացված գործող Հայաստանի հավաքականը կապակցված խաղ է ցուցադրել բոլոր խաղային օղակներում, ինչը ֆուտբոլասերի մոտ որոշակիորեն մեղմեց Ջիբրալթարի հավաքականի հետ ունեցած խաղի տխուր տպավորությունն ու բերած բարկությունը:

Նախորդ խաղի համեմատ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը մեկնարկային կազմում կատարել էր միանգամից 5 փոփոխություն, իսկ Հենրիխ Մխիթարյանը հանդես էր գալիս հենակետային կիսապաշտպանի դիրքում: Խաղի մեկնարկում մեր ընտրանին ավելի ակտիվ էր, և մերոնց գրոհներն իրենց արդյունքը տվեցին՝ 12-րդ րոպեին Ղազախստանի առաջնության լավագույն ռմբարկու Մարկոս Պիզելին բացեց հաշիվը: «Ակտոբեի» կիսապաշտպանի հարվածն այնքան ուժեղ ստացվեց, որ մակեդոնացիների դարպասապահը գնդակը ֆիքսելուց հետո այն բաց թողեց դարպասը՝ 1:0: Ցավոք Մարկոս Պիզելին վնասվածք ստացավ և ստիպված էր լքել խաղադաշտը: Մարկոսի վնասվածքից հետո խաղի տեմպը որոշ չափով ընկավ, և մակեդոնացիները մի քանի վտանգավոր գրոհներ կազմակերպեցին, սակայն մեր պաշտպանությունն անթերի էր գործում։

Երկրորդ խաղակեսը դարձյալ սկսվեց մերոնց գրոհներով: 56-րդ րոպեին հաշիվը կրկնապատկելուն մոտ էր Հենրիխ Մխիթարյանը, սակայն հյուրերին փրկեց դարպասաձողը: Սակայն այնպես չէ, թե մրցակիցը ձեռքերը ծալած նստած էր: Մի երկու դրվագում պարզապես փայլուն գործեց Արամ Հայրապետյանը: «Բանանցը» ներկայացնող դարպասապահը դաշտի տերերին գոլից փրկեց նաեւ 65-րդ րոպեին:

Երկրորդ խաղակեսի միջնամասում Մակեդոնիայի հավաքականն ավելի ակտիվ էր, սակայն 67-րդ րոպեին հյուրերը գոլ բերեցին սեփական դարպասին: Հայաստանի հավաքականը օգտվեց մրցակցի պաշտպանության սխալից եւ կրկնապատկեց հաշիվը: Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո դարպասը գրավեց Յուրա Մովսիսյանը, ով իր առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքական վերադարձից հետո: Գոլից 5 րոպե անց Մովսիսյանը փոխարինվեց՝ դաշտում տեղը զիջելով Տիգրան Բարսեղյանին: 81-րդ րոպեին Հայաստանի հավաքականը հաշիվը դարձրեց 3:0: Տուգանայինից կատարած Գեւորգ Ղազարյանի հարվածից հետո մակեդոնացիների դարպասապահ Ստոլե Դիմիտրիեւսկին դարձյալ անվստահ գործեց, ինչպես նախորդ 2 գոլերի դրվագներում, իսկ ավելացված չորրորդ րոպեին էլ աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը:

Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 6 միավոր եւ, ի հաշիվ լրացուցիչ գործակիցների, երկրորդն է D դիվիզիոնում: Նույնքան միավոր ունի նաև Լիխտենշտեյնի ընտրանուն 2:1 հաշվով հաղթած Ջիբրալթարի հավաքականը: Իսկ խմբի առաջատարը 9 միավոր ունեցող Մակեդոնիան ընտրանին է:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Մակեդոնիայի հավաքականիների միջեւ առաջին շրջանի խաղում մակեդոնացիները տնային հաղթանակ են տարել 2:0 հաշվով: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երեւանում նվազագույն հաշվով պարտվել էր Ջիբրալթարի հավաքականին, որն իր պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղերում:

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերը կանցկացնի նոյեմբերի 16-ին ու 19-ին՝ հյուրընկալվելով Ջիբրալթարին ու Լիխտենշտեյին։