ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի աղմկահարույց հեռախոսազրույցի գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է և հանրության կողմից էլ լավ ճանաչված (ինչի մասին կռահում էին շատերը)՝ կառավարության այսօր կայացած արտահերթ նիստից հետո լրագրողներին հայտնել է Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ այս պահին պարզված չէ միայն գաղտնալսման եղանակը․«Գտնվել եմ ռոումինգի տակ, և այդ ինտերնետային կապուղին պաշտպանված չէ, այսինքն՝ չի գաղտնագրվում, և այդ դեպքում, ցանկացած միջին որակի մասնագետ կարող է գաղտնալսումն իրականացնել։ Քննության արդյունքում պարզվել է, որ ես ու Սասուն Խաչատրյանը նշված օրն ունեցել ենք 10 զանգ, 8 անգամ զանգահարել է ինքն ինձ, 2 անգամ՝ ես իրեն։ Ընդհանուր առմամբ մենք 8 րոպե 40 վայրկյան տևողությամբ ընդհանուր խոսակցություն չենք ունեցել։ Մեր ամենաերկար խոսակցությունը 2.5 րոպե է տևել, և էդ խոսակցություններն ամբողջությամբ մոնտաժված է, և ներկայացված է որպես մեկ խոսակցություն», -պարզաբանել է ԱԱԾ տնօրենը։

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ ԱԱԾ և ՀՔԾ պետերի ապօրինի գաղտնալսման փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, և Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը ճանաչվել են որպես տուժող կողմ։ Քրեական գործի շրջանակներում նախաքննական մարմինը խուզարկություն էր իրականացրել 6 տարբեր հասցեներում, որոնցից հայտնի դարձավ միայն YEREVAN.today լրատվական կայքի գրասենյակը։