Սպանություններն ու ինքնասպանությունները ցավոք կան ու մնում են մեր կյանքի անբաժան մասը՝ այն էլ հատկապես անհանգիստ ժամանակների ֆոնին ու բնավ էլ պարտադիր չէ, որ դրանք այսրոպեական զարգացումների արդյունք լինեն լոկ: Չզարմանաք, եթե ասենք, որ անցյալն իր ժամանակային տիրույթից դուրս գալու յուրահատկություն ունի՝ անակնկալորեն վերածվելով ներկայի՝ իր հազար ու մի պարտք-պահանջի հատուցման ակնկալիքով: Այդպիսի մի իրողության վկայություն էին օրեր առաջ հետևած նախկին պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանի («Կարամելի Հարութ») կողմից Կարո Կարապետյանի («Յուվեցի Կարո») սպանության, ապաև սպանողի ինքնասպանության դեպքերը:

Առաջինի մասով (սպանության) հետաքննական մարմինները որքանով մանրամասն եղան սպանության գործիքի առնչությամբ, երկրորդի մասով (ինքնասպանության) թերասածությունն այնուամենայնիվ առկա է, զի բնավ էլ պարտադիր հանգամանք չէ, որ նորից գործի դրված լիներ նույն «Բերետա» ատրճանակը, որքան էլ որ այն ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից նվեր ստացած լինելու փաստով թանկագին հուշ լիներ «Կարամելի Հարութ»-Հարություն Ղարագյոզյանի համար, քանզի ինչ՝ ինչ, գերազանցապես քուչից եկած մեր հայտնիները զենք-զինամթերքի պակաս չունեն իրենց պահոցներում, որ մի զենքի հույսով ապրեն կամ ապրեին այս մեղսավոր աշխարհում (ի դեպ չէր խանգարի հասարակությանը տեղեկացնել, թե նախկին վարչապետի նվիրած զենքերով քանի՞ մարդու գլուխ է կերվել կամ կյանք խլվել այս երկրում ու այդ ի՞նչ հիվանդագին մոլուցք է մարդկանց իրենց նվիրված լինելու ծառայությունները զենք նվիրելով հատուցելը կամ փոխհատուցելը):

Ինչևէ: Եթե «Կարամելի Հարութ»-Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության հիմք հանդիսացած զենքի չհիշատակումը պարզապես մոռացության արդյունք է, սա մեր իրավապահների պրոֆեսիոնալիզմի մասին խոսող հանգամանք չէ, իսկ եթե այնուամենայնիվ եղել է մեկ այլ՝ երկրորդ ատրճանակը, սա էլ արդեն ուրիշ բաների մասին կարող է վկայել ու դա միտումնավոր չհիշատակելն այլ բաներ կարող է պայմանավորել:

Մի խոսքով՝ առկախված հարցեր են մնում ու անկախ քեզանից սկսում ես մտածել, թե իսկ հնարավո՞ր է, որ այս սպանությունն ու դրան հետևած ինքնասպանությունն աղերսներ ունեն ժամանակ առաջ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա իրականացված ավազակային հարձակման հետ՝ մանավանդ որ թե «Կարամելի Հարութ»-Հարություն Ղարագյոզյանը, թե «Յուվեցի Կարո»-Կարո Կարապետյանը, ասում են, Արման Մկրտումյանի հետ բավական մտերմիկ կապերով են կապված եղել:

Հետաքննությունը պիտի որ չբացառի յուրաքանչուր վարկածի դիտարկում՝ հավասարապես քննության առնելով դեպքերի ինչպես հաջորդականության պատահականությունը, այնպես և դրանց տրամաբանորեն նույն շղթայի օղակ լինելը՝ չմոռանալով, որ հաճախ խորքային թվացող խնդրի լուծումը մակերեսի վրա է պարզապես:

                                                                                                                              Henq.am