ԱՄՆ-ից ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխօգնական Ջորջ Քենթը Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ժողովրդավարական, բարգավաճող եւ անվտանգ Հայաստանին: «Մենք գիտենք, որ նոր ընտրություններ են հնարավոր, մենք կոչ ենք անում անցկացնել բոլորի մասնակցությամբ ազատ եւ արդար ընտրություններ: Սպասվում է, որ հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հաջորդ ռաունդը տեղի կունենա փետրվարին Վաշինգթոնում: Սա հոյակապ առիթ կլինի քննարկելու, թե ինչպես խորացնենք հարաբերությունները», -հայտարարել է Ջորջ Քենթը:

Նա շեշտել է, որ ամերիկյան ընկերությունները պատրաստ կլինեն Հայաստանում ներդրումներ կատարել բարենպաստ ներդրումային կլիմայի առկայության դեպքում, եւ ինքն այս հարցը քննարկել է նաեւ Հայաստանում բիզնես առաջնորդների հետ իր հանդիպումների ժամանակ: «Հայաստանը բախվում է տնտեսության ստեղծման խնդիրների, որոնք աշխատատեղեր կտամադրեն: Կարեւոր է, որ հայերը լավ աշխատանք ունենան եւ արտասահմանում վաստակի ուղիներ չփնտրեն», -հավելել է նա:

Ջորջ Քենթը նաեւ խոստացել է ԱՄՆ աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում: «Ամերիկացի գործընկերները կաշխատեն հայերի հետ այն ոլորտներում, որտեղ նրանք ցանկանում են մեզ հետ աշխատել», -եզրափակել է նա: