Այսօր կայացած Կառավարության նիստում Հունան Պողոսյանը նշանակվել է Սյունիքի, Դավիթ Գևորգյանը՝ Արագածոտնի, Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրի մարզպետ։

Եթե Արագածոտնի և Արմավիրի մարզպետերի դեպքում հարցեր չառաջացան, ապա Սյունիքի նորանշանակ մարզպետի՝ Հունան Պողոսյանի թեկնածության առաջադրման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ երկար և հանգամանորեն պարզաբանումներ տալ կառավարության անդամներին, և ինչու ոչ, նաև ՀՀ կառավարության նիստին ուշի ուշով հետևող քաղաքացիներին։ Վարչապետը նախկին փոխոստիկանապետի թեկնածությունը մարզպետի պաշտոնում հիմնավորեց՝ ասելով, որ կայացած հեղափոխության արդյունքում որևէ մեկն իր կյանքն ավարտված չպետք է համարի ՀՀ-ում, և Պողոսյանի նշանակումը թույլ կտա խուսափել մեր երկրում քաղաքական ռասիզմի ձևավորումից։