Ժողովո՛ւրդ ջան, շուտով նոր պառլամե՞նտ ենք ընտրելու:
Բարի՛:
Ու որ էս նորն էլ հնի օրը չընկնի, եկե՛ք, էսօր հնի շատ վախենալու պատկերը հիշենք, որ նորը տեսնի ու փշաքաղվի ու էլ նման բան չանի:
Եկե՛ք ընկնենք, ասենք, մի հիշողության գիրկ, երբ կարտոլի շուրջ կարևորագո՜ւյն, թե՜ժ դեբատներից ՀՀ ԱԺ-ն էր աննախադեպ տժժում: Քննարկում էին, թե ով պիտի կարտոլ ուտի, ով, կարտոլից զատ, ուրիշ բան էլ ուտի: Քիչ էր մնում՝ օրենք ընդունեին, որտեղ կսահմանեին, թե ինչն է Հայաստանում համարվում… զո՜ւտ ու իսկակա՜ն կարտոլ:

Ըստ իս՝ հարկ չկար օրենք ընդունելու:
Ինձ որ հարցնեին, հստակ կասեի՝ որոնք են իսկական, ես կասեի՝ ամենաիսկակա՛ն մեր կարտոլները:
Ամենաիսկական մեր կարտոլները, է՜, ԽՍՀՄ-ից ու ԽՄԿԿ-ից եկող մեր դեռևս գործող դեպուտատներն են: Հա՛, դրանց վրայի՝ 20-30 տարվա ցեխն ու տարթը որ քերես, սրսուռ, կարմիր սորտի՝ ալ ու քյալ կարտոլ են:
Ու դրա համար «կարտոլի շուրջ» էդ դեբատներից հետո նախկին կարմիր կոմունիստ (բայց կոմունիզմ կառուցելու գործը ճիշտ ժամանակին սաբոտաժ արած ու մյուս դասալիք կոմունիստների հետ մենակ «կարտոշկի» վրա նստելու հեռանկարից էդ ճամփով պրծած) Խոսրով Հարությունյանը հիմնավորում ու արդարացնում էր իր գործընկերոջ՝ մյուս դասալիք կոմունիստի, ըստ Վիքիպեդիայի՝ «Բեդնի» Հակոբի՝ «բեդնիների» մասին արած հայտարարությունը:

Ըստ այդ հայտարարության՝ նրանք, ովքեր, մեկ է, կարտոֆիլից բացի ուրիշ բան ո՛չ ուտում էին, ո՛չ էլ հլա համարձակվեի՜ն ուտել, կարող էին համարձակ ողջունել թանկացումները ու շարունակել իրենց կարտոշկա ուտելը: Իսկ, առհասարակ, որ լա՜վ «վայելեք» Խոսրովի հետ կապված ամեն հիշողություն, հիշե՛ք նաև, որ թե՛ երեկ, թե՛ այսօր, թե՛ վաղը Խոսրովի բանավոր խոսքը, չէ՜, մթին ու ստվարախիտ անտա՛ռ չէ, Խոսրովի խոսքը մի հատ ջունգլի՜ է, և ո՜չ երանի էն խեղճ զրուցակցին, ով միամտաբար ընկավ Խոսրովի խոսքի անողոք ջունգլին: Առավոտից իրիկուն կարող է խոսել, բայց խոսքն ավարտվեց, ամո՛թ՝ էն մարդուն (ներառյալ իրե՛ն՝ խոսող Խոսրովի՛ն), թե մի բան հիշի, թե Խոսրովն էդ ինչի՛ շուրջ էր, որ 7-8 ժամ խոսեց:

…Եթե ուշադրություն եք դարձրել, Խոսրով Հարությունյանն ամեն նախադասություն ավարտելիս մի հատ «հա՞» է ասում:
Գիտե՞ք էդ ինչ «հա՞» է:
Ինքն էդպես դիմացինին թաքուն աղաչում է՝ «Ասա՛, հա՞, թե ի՛նչ էր, որ ես նոր ասի, քանզի ե՛ս էլ չհասկացա, թե ես ինչ ասի»:

Որպեսզի չթվա, թե չափազանցում եմ, տառացի իրեն՝ Խոսրով Հարությունյանին էս սհաթիս մեջբերեմ: Խնդրե՛մ, ընդամենը մի չնչին դրվագ Խոսրովի «ջունգլուց»՝ ոչ էնքան վաղեմի իր հարցազրույցից.
Factor TV-լրագրող -Քննարկվում է Ձեր գործընկերոջ՝ Հակոբ Հակոբյանի հայտարարությունը, որ թանկացումները աղքատների վրա անդրադարձ չեն ունենա, որովհետև այսպես թե այնպես իրենք գումար չունեն (այդ) ապրանքները ձեռք բերելու:
Խոսրով Հարությունյան -Ես ներկա չեմ եղել (ինչպես միշտ, կըլնի արդեն 30-40 տարի, ինքը ոչ մի բանի ո՛չ մասնակից, ո՛չ էլ տեղյակ է լինում, անգամ եթե մասնակից ու տեղյակ է լինում), ես… գիտե՞ք, ես կդժվարանամ մեկնաբանել: Եթե ես իրեն չեմ լսել, թույլ տվեք չմեկնաբանել իրեն: Ես կարող եմ իմ կարծիքն ասել, բայց թույլ տվեք չմեկնաբանել (ժողովո՛ւրդ ջան, քեզ մի բան հարցնեմ. մեկնաբանելը հենց կարծիք հայտնելը որ չէ, բա ի՞նչ, հիմի ասե՜լ էի, ի՛նչս է, հը՞: Էս մարդը չի՜ փոխվում, է՜լի, պատկերացնո՞ւմ եք, կարծի՛ք է հայտնում, բայց էդ կարծիքը հայտնելով ոչ թե մեկնաբանում, այլ… չի՜ մեկնաբանում):

Սրանից հետո ինքը երկար-բարակ էլի հիմնավորում ու արդարացնում է իր հին ընկերոջն ու պատասխանելով նույն լրագրողի բոլոր հարցերին, ոչ մի բան չասած, խոսքը ավարտում: Համոզված եմ, որ խեղճ լրագրողը հարցազրույցից հետո, խմբագրություն գնալու ճամփին, նոր է գլխի ընկել, որ արդյունքում, Խոսրովն իրեն… ոչ մի բան էլ չասաց:
Ընդ որում՝ դրանց միայն ասա՛ծը չէ, որ այդպիսին է, երբ ասո՜ւմ են, ասո՜ւմ, բան էլ չեն ասում, դրանց արա՛ծն էլ ճիշտ այդպիսին է. անո՜ւմ են, անո՜ւմ, ձևե՛ր են անում, թե գործ են անում, 20-30 տարի անցնում է, պարզվում է, որ բան էլ չէին անում:

Խնդրե՛մ, նայե՛ք, թե ի՛նչ էին անում, ինչո՛վ զբաղվում ՀՀ ԱԺ-ում. հե՜չ «կարտոշկա» էին դրել, «ժարիտ» անում: Լուրջ-լուրջ դեմքերով, 20-30 տարի անընդմեջ ԱԺ-ից քայլ իսկ երբևէ չարած, իրենց ասելով՝ դպրոց ավարտած անգամ բուհ պրծած մարդիկ հավաքվել, «կարտոշկի» շուրջը «բազար» էին անում, «կարտոշկեն» առնում, «ժարիտ» էին անում, անունը նիստ ու նստաշրջան դնում: Ու մեկը չկար էդ պերճ սրահում, որ ասեր դրանց. «Ա՛յ գործընկերներ, մենք մեզնից ի՞նչ ենք ախր ներկայացնում, որ մեզ իրավունք ենք վերապահում որոշելու, թե ով ինչ խավի պիտի պատկանի, ու ով ինչ պիտի ուտի կամ չուտի. մենք հո Աստվա՞ծ չենք. լրիվ հակառա՛կը, մենք… դեպուտատ ենք»:

Մի խոսքով՝ Նիկիտա Սերգեևիչին ու Լեոնիդ Իլյիչին հիշող, շատ որ խորանանք, վայ թե նաև Վլադիմիր Իլյիչին հիշող մեր էս դեպուտատները, որ ժամանակին սոցիալական հավասարությունն ամրապնդելու ու կոմունիզմ կառուցելու համար իրենց կյանքով էին երդում ուտում, իրենց էդ կերած երդումը լրիվ մարսած, այսօր դրել, մարդկանց խավերի բաժանել ու մարդկանց ճակատագրերի «բիզնես-ծրագիր» էին կազմել, էդպես գործ էին անում:

Թե պարոն Հակոբյանն ու պարոն Հարությունյանը, չե՛մ ասում Ստալինի, Բրեժնևի՛ ժամանակ նման արտահայտություն անեին, իրենք լավ գիտեն, 10 տարուց պակաս դժվար վաստակեին: Իսկ եթե Ստալինի՜ ժամանակ դրանք նման բան ասեին, 10 դար էլ անցներ, դրանց շիրիմը դժվար գտնեին, գտնելու համար «Բելամորկանալը» պտի ցամաքեցնեին… Հը՞, ճի՞շտ եմ, Արփա-Սևանի պարոն, նախկին ընկեր, նախկին «բեդնի», հիմա հարուստ աշխատակից:

Նորից դառնանք մեր Խոսրովի ջունգլուն ու ոչ վաղեմի անցյալում բխած իր, ներողություն արտահայտությանս համար, «խոսքով» էլ ավարտենք այսօր.
-Պատկերացրեք ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա, եթե միսը նույնիսկ թանկ է կամ էժան, ինքը, միևնույն ա, գումար չունի միս գնելու: Նա շարունակում է կարտոֆիլ օգտագործել: Երևի թե, ես ենթադրում եմ, պարոն Հակոբյանը ի նկատի ունի սա. որ այդ խումբ-մարդկանց համար ապրանքատեսակների մի հատված, եթե գինը նույնիսկ մնար նույնը, շատ թանկանար կամ քիչ, նրանց համար էական չէ, որովհետև այդ ապրանքատեսակները նրանց անենօրյա օգտագործման զամբյուղից դուրս են… Համաձայնեք, որ եթե այսպես ընկալեինք, մենք պարոն Հակոբյանին չպետք է քննադատեինք…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հ. Գ. Դե ինչ, աշխարհը «զամբյուղից» դուրս էր, իսկ Խոսրովն ու Հակոբը՝ զամբյուղի ներսում: Էդպես բարով տեղավորված մի քիչ էլ «դիմացեք», մինչև որ, էս է, էդ զամբյուղից ուրիշ զամբյուղ ձեզ բարով կտեղափոխեն