Երևանի ավագանիում ներկայացված երեք խմբակցությունների ղեկավարները նշանակվեցին։ Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կղեկավարի դաշինքի ցուցակի 8-րդ համարը՝ Սուրեն Էյրամջյանը։ «Բարգավաճ Հայաստանի» ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցրած Արման Աբովյանն էլ իր ներկայացրած խմբակցությունը կղեկավարի։ «Լույսը», որն ավագանիում ներկայացված է երեք անդամով, կղեկավարի Դավիթ Խաժակյանը։ Նա նախկինում Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարն էր։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է ավագանու 65 մանդատներից 57-ը, ԲՀԿ-ն՝ 5, իսկ «Լույս» դաշինքը՝ 3 մանդատ։ «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը հոկտեմբերի 10-ին ավագանու առաջին նիստում օրենքի ուժով դարձել է Երևանի քաղաքապետ։