Թուրքիան կրկին սկսել է նախապայմաններ առաջադրել Հայաստանին՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ։ Անթալիայում անցկացված Եվրասիայի խորհրդարանների պատվիրակությունների համաժողովի ժամանակ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը հորդորել է հայերին մոռանալ 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը. «Եթե Հայաստանն իրոք ցանկանում է բարելավել իր հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա պետք է վերջ դնի, այսպես կոչված, Ցեղասպանության վերաբերյալ իր անհեթեթ պնդումներին։ Պետք է թույլ տա պատմաբաններին ուսումնասիրել պատմական փաստերը»։

Յըլդըրըմը նշել է, թե Հայաստանն իր ընտրությամբ մեկուսացվել է տարածաշրջանում։ Միևնույն ժամանակ, հասկանալի է, որ հենց Թուրքիան է իր դաշնակից Ադրբեջանի հետ փորձում մեկուսացնել Հայաստանը՝ նույնիսկ սեփական շահերը հաշվի չառնելու ճանապարհով։ Եվ ինչքան էլ Թուրքիան փորձի այս հարցում նախապայմաններ թելադրել, փաստենք, որ Հայաստանը մշտապես հանդես է գալիս առանց նախապայմանների՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացը հարաբերությունների կարգավորումից անկախ դիտարկելով։