ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը որոշվել է Երևանից Մոսկվա տեղափոխել։ Այս մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ կապերի հարցերով Պետդումայի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, տեղեկացնում է tass.ru-ն։

«ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջխորհրդարանական նիստը որոշվել է տեղափոխել։ Եվ այդ մասին Դումայի խորհրդի ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը», -ասել է Կալաշնիկովը։

Պետդումայի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը նկատել է, որ այդ որոշումը կապված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականի հետ։

«Ըստ ամենայնի՝ Հայաստանի ազգային ժողովն այդ ժամանակ հրաժարական կտա։ Այդ տուրբուլենտությունը կարող է լինել հոկտեմբերի վերջին։ Եթե իրավիճակն այնպես դասավորվի, ինչպես մենք այն տեսնում ենք, ապա ո՞ւմ հետ մենք պետք է անցկացնենք Խորհրդարանական վեհաժողովը։ Պաշտոնակատարի՞։ Դա անտրամաբանական է և սխալ», -ավելացրել է կոմիտեի ղեկավարը։

Կալաշնիկովը նշել է, որ դրա համար էլ նիստը «հանգիստ կանցկացվի Մոսկվայում»։ «Իսկ երբ Հայաստանում ամեն բան կարգի կընկնի, կաշխատենք նաև գործող պատգամավորների ու գործող վարչապետի հետ», -եզրափակել է նա։