Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է։ Այս մասին հայտնել է Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը, ում համար անհասկանալի է, թե ինչու են որոշ հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերով այլ անձանց խափանման միջոց կալանավորումը փոխել, իսկ իր պաշտպանյալի դեպքում՝ ոչ․ «Սա օրենքի հետ, իրավակիրառ պրակտիկայի հետ կապ չունեցող լուծումներ են, գնահատական չես կարող տալ։ Ես չունեմ այդ հարցի պատասխանը՝ ուրիշների դեպքում ինչու այդպես, մեր դեպքում այսպես։ Ես կարծում եմ՝ ստեղ անձնավորված մոտեցում կա, դատավորները անկախ չեն՝ իմ տպավորությամբ կաշկանդված են որոշակի պաշտոնատար անձանցից»։

Արսեն Մկրտչյանը երևի հիշողության հետ խնդիրներ ունի և մոռացել է, որ իր պաշտպանյալը մեղադրվում է ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը յուրացնելու մեջ, որով կերակրում էր իր կենդանաբանական այգու կենդանիներին, հակառակ դեպքում այսքան չէր զարմանա։ Դժվար չէ կռահել, որ սննդի յուրացումը դեռ չարյաց փոքրագույնն է, և Մանվել Գրիգորյան գեներալի գործունեության ողջ ընթացքը դեռ ամբողջությամբ բացահայտված չէ։ Իսկ դատավորների՝ «կաշկանդված լինելը որոշակի պաշտոնատար անձանցից» ակնարկը, մոդայիկ դարձած ֆրազ է, որ լավագույնս կիրառվում է արդարադատության առաջ ասելիք ունեցող տարրի կողմից։