Այսօր հայկական ԶԼՄ-ների տոնն է, ավելի կոնկրետ՝ հայ մամուլի օրը: Օրը նշանավորվել է Մադրասում հայկական առաջին «Ազդարար» տպագիր պարբերականի հրատարակությամբ: Կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը նշվում էր որպես «Մամուլի աշխատակցի օր», սակայն հետագայում այն վերանվանվեց և դարձավ «Հայ մամուլի օր»:

Հայկական առաջին տպագիր պարբերական «Ազդարարը» հիմնադրվել է Մադրասում 1794 թվականի հոկտեմբերի 16-ին։ «Ազդարար» ամսագրի հիմնադիրն էր շիրազցի Հարություն քահանա Շմավոնյանը։ Պարբերականը գործել է մինչև 1796 թվականի մարտ ամիսը։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար, յուրաքանչյուրը՝ մոտ 50 էջ, 965 էջ ընդհանուր ծավալով։ Ամսագիրը դադարել է գործել նյութական դժվարությունների պատճառով։ Տպագրվել է գրաբարով, մասամբ՝ հնդկահայ և Նոր Ջուղայի բարբառներով։

«Ազդարարը» գիտաճանաչողական, պատմագիտական, գրական, հասարակական հանդես էր և արտացոլում էր հնդկահայ կյանքը։ Իր համարներում պարբերականն անդրադառնում էր հայ ժողովրդի լուսավորության, ազգային ինքնագիտակցության, ազատագրության խնդիրներին¸ իրազեկում էր Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ամսագիրը գաղութահայերին հորդորում էր վերադառնալ հայրենիք։ «Ազդարարի» առանձին համարներ տպագրվել են պատկերազարդ ու կարմրագույն տառերով։