‹‹henq.am››-ի հարցերին պատասխանում է մասնակից Անահիտ Հովսեփյանը:

‹‹Մի գործ կա, որ սկսել եմ 2004-ին, ավարտել եմ 2016-ին››
-Ձեր հայրը՝ Հրանտ Հովսեփյանը, ճանաչված քանդակագործ է: Քանդակը չի՞ հրապուրել Ձեզ:

-Երբևէ չեմ մտածել քանդակագործ դառնալու մասին: Ի սկզբանե որոշումս նկարիչ դառնալն էր: Իհարկե մեծ էր հորս գործոնը, նա՛ ուղղորդեց ինձ դեպի իմ իրական նախասիրությունների աշխարհը:

-Ստեղծագործողը, հայտնի է, որ փնտրում-գտնում է աշխարհի հետ հաղորդակցվելու իր ճանապարհը: Կերպարվեստն ի՞նչ է Ձեզ համար:

-Արտահայտման ձև: Ներաշխարհումս կուտակվածը մարդկանց հաղորդելու հնարավորություն, ինչը կատարում եմ գրաֆիկայի եղանակով: Գեղանկարչական աշխատանքներ չեմ ստեղծում, քանի որ գեղանկարը լույս է պահանջում, բնության հետ անմիջականորեն շփվելու հնարավորություն և այլն: Գրաֆիկան ավելի զուսպ միջոցներով և ամփոփ տարածքում գործելու հնարավորություն է ընձեռում:

-Որքա՞ն աշխատանք եք ներկայացրել այսօրվա բացվելիք ցուցահանդեսում:

-Շուրջ վաթսուն: Կան և նոր, և տարիներ առաջ ստեղծած աշխատանքներ: Մի գործ կա, որը սկսել եմ 2004-ին, ավարտել եմ 2016-ին: Ինչ-որ մի ներքին զգացողությամբ ոչ ցանկանում էի այն ավարտել, ոչ էլ մի կողմ դնել: Նկարը կոչվում է ‹‹Բերքահավաք››:


‹‹Կուզեի, որ նկարչին հնարավորություն տրվեր, ներկայանալ աշխարհում››

-Միությունում բազմաթիվ ցուցահանդեսներ են բացվում: Հատկապես ո՞ր ցուցահանդեսներն եք այցելում, դիտում, տպավորվում:

-Գիտեք, նկարչություն եմ դասավանդում դպրոցում և ժամանակիս մեծ մասը ծախսում եմ այնտեղ: Շատ հետաքրքիր է երեխաների հետ աշխատելը, սակայն ժամանակի պակաս է զգացվում: Այնուամենայնիվ հնարավորության դեպքում այցելում եմ ցուցահանդես: Հատկապես հանրապետական և թեմատիկ ցուցահանդեսներ: Յուրաքանչյուրում ինձ հոգեհարազատ ստեղծագործություններ եմ գտնում:Անկեղծ ասած՝ չունեմ նախընտրած որևէ ստեղծագործող, քանի որ յուրաքանչյուր իրական արվեստագետ միայն իրեն հատուկ հետաքրքրություն ունի:

-Այսօր, ավելի ստույգ՝ անկախ պետականության տարիներին, ստեղծագործական միությունները, կոպիտ թող չհնչի, մատնված են բախտի քմհաճույքին: Պետությունը ձեռքերը լվացել, քաշվել է մի կողմ՝ նախ և առաջ չվերականգնելով պետական պատվերի ինստիտուտը:

-Ոլորտը բարցիթողի վիճակում է, սա միանշանակ է: Կուզեի, որ նկարչին հնարավորություն տրվեր ներկայանալ աշխարհում ցուցահանդեսների և սիմպոզիումների մասնակցությամբ: Ստեղծագործողը չպետք է պարփակվի, նա հանրության համար է ստեղծագործում, պետք է ճանաչի աշխարհը, արվեստասերների և քննադատների արձագանքն ունկնդրի:


-Հաջողվո՞ւմ է նկարներ վաճառել:

-1996-ին, երբ տղաս ծնվեց, մշակույթի նախարարությունը երեք աշխատանք գնեց: Այսօր եթե կան մարդիկ, որոնք հավանում են այս կամ այն նկարչի գործը, ապա պետք է գնեն, սա բնական երևույթ է: Հայաստանում ցավոք այս ոլորտն էլ առանձնապես զարգացած չէ:

-Շուտով ցուցահանդեսը հանդիսավորապես կբացվի: Ի՞նչ եք ակնկալում:

-Երբ մարդու մոտ ինչ-որ հետաքրքիր միտք է ծագում, նա կամենում է կիսվել շրջապատի հետ: Այսպես էլ ես եմ կամենում իմ ստեղծագործություններով կիսվել արվեստասերների և նկարիչների հետ: Իմ մտքերը արտացոլվում են իմ նկարներում: Իսկ թե դիտողը ինչ կարծիք կկազմի և ինչպես կընկալի մտքերս, դա արդեն խիստ անհատական մոտեցում է: Պատրաստ եմ լսել նրանց կարծիքները, նաև չեմ խուսափում առողջ քննադատությունից: Սկզբունքային վերլուծությունը, քննադատությունն առահասարակ կարևոր են ստեղծագործողի համար:

‹‹Կերպարվեստ›› պարբերական