Ստամբուլի Մեշրութիյեթ թաղամասի ներկայիս Սամանյոլու փողոցն այսուհետև կկոչվի Հրանտ Դինքի անունով, գրում է «Ակօսը»։ Փողոցը պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Դինքի անունով կոչելու, ինչպես նաև 89 փողոցներ ևս անվանափոխելու որոշումը կայացվել է Ստամբուլի քաղաքապետարանի խորհրդի անդամների շնորհիվ։ Նախագծին կողմ քվեարկածներն իշխող «Արդարություն և զարգացում» ու ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունների անդամներն էին։

Եթե Շիշլիի շրջանի Մեշրութիյեթ թաղամասի Սամանյոլու փողոցն այսուհետ կկրի Դինքի անունը, ապա անվանափոխված մյուս փողոցները ևս թուրք հասարակության շրջանում ոչ պակաս հայտնի անուններով կկոչվեն, ինչպես օրինակ՝ 1993-ին սպանված հայտնի լրագրող Ուղուր Մումջուի, թուրք հայտնի կինոդերասան Մյունիր Օզքուլի, թուրք-քրդական բախումների հետևանքով 2017թ. մահացած 15-ամյա Էրեն Բյուլբյուլի և այլ հայտնիների: Նկատենք, որ այս ողջունելի նախաձեռնության համար հիմք են հանդիսացել բնակչությունից ստացված բողոքներն ու առաջարկները։