Հեռակա ուսուցումը կվերանա, կրթությունն էլ սոցիալական ֆունկցիա կատարող ոլորտից որակ ապահովող ոլորտ կդառնա։ Ոչ պետական բուհերի ռեկտորների հետ հանդիպմանն այս մասին ասել է ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը։

«Պետք է հստակեցվեն ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման թե՛ պահանջները, թե՛ հետևանքները: Եթե գնում ենք կրթության որակի բարելավմանն ուղղված քայլերի, ապա էական չէ՝ ինչպիսին է բուհը. բոլորը պետք է ենթարկվեն խաղի նույն կանոններին՝ և՛ պետական, և՛ ոչ պետական բուհերը», -Հովհաննիսյանն այս մասին ասել ու վստահեցրել է՝ նախարարությունը կրթության որակը կստուգի, ոլորտի քաղաքականությունն էլ կմշակի:

Անակնկալի չգալու համար փոխնախարարը հիշեցրել է՝ որևէ անպատասխանատու քայլ անհետևանք չի մնալու՝ անկախ նրանից՝ դա կարվի պետական, թե մասնավոր բուհի կողմից։ Նկատելով, որ աշխարհում բարձր վարկանիշ ունեցող բուհերը մեծ մասամբ մասնավորներ են, Հովհաննիսյանը պատահական չհամարեց բուհերի վերամիավորման ու խոշորացման գաղափարը, որն էլ պետք է, միանշանակ, հանգեցնի կրթության որակի բարձրացման։