Օրեր առաջ մի պատվական այր (այն է՝ կոմիտասագետ և կոմպոզիտոր, նաև, թույլ տվեք ասել, ներկա հայ ազգային մշակույթի երախտավոր) տիար Արթուր Շահնազարյանը ‹‹Հրապարակ›› օրաթերթում հրապարակեց բազմախորհուրդ վերնագրով մի նյութ ‹‹150-ամյա Կոմիտասը՝ բիզնես-առարկա›› վերտառությամբ: Դրանով, ըստ էության, տիար Արթուրը կարմիր քարտ ցույց տվեց ‹‹Կոմիտաս›› թանգարան-ինստիտուտին, ձեռքի հետ նաև ՀՀ մշնախ Մակունց Լ.-ին:

Ահա թե նա ինչ խնդիրներ է լուսաբանում: Ավելի ստույգ՝ ներկայացնում հանրապետության մշակույթի ոլորտի ականապատումը:

Մշակույթի նախարարությունը եղել է և մնում է տարաբնույթ ոտնձգությունների անդաստան, ոլորտը ենթարկվում է հետևողական ասպատակությունների, զի միմյանց են հաջորդում նախարար-դուրսպրծուկները: Սակայն դրվագենք նյութը. ‹‹Կոմիտաս›› թանգարան-ինստիտուտի տնօրենն ընդհանրապես կապ չունի մշակույթի հետ, համապատասխան կրթություն չունի ոչ միայն երաժշտությունից, այլև գրականությունից, պատմությունից և, ընդհանրապես, մշակութաբանությունից, սակայն ունի մի ‹‹մեծագույն առավելություն›› բոլոր ժամանակների չխորտակվող նավ Արմեն Սմբատյանի ‹‹կոնտրոլի›› տակ գտնվող Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրենի եղբայրն է, և ինձ համար պարզից պարզ է, որ նրան՝ Նիկոլայ Կոստանդյանին, տնօրեն է նշանակել տվել Ա. Սմբատյանը: Ի դեպ, նա (իմա՝ Ն. Կոստանդյանը, ծանոթ. Զ. Զ.-ի) նոր է վերադարձել Ֆրանսիայից, ուր մեկնել էր պետության հաշվին, և Սորբոնի համալսարանում՝ Կոմիտասին նվիրված գիտաժողովում, ‹‹գիտական›› զեկուցում է կարդացել (դատարկ դահլիճում): Դժվար է պատկերացնել Կոմիտասին ծաղրուծանակի ենթարկելու և Կոմիտասի գործը վարկաբեկելու ավելի հարմար բան: Եվ հանձնաժողովի նիստը վարող նախարար Լիլիթ Մակունցը չի նկատում այս զավեշտն ու շարունակում է գրանցել հերթական անհեթեթ, անսկզբունք, ‹‹կուլտմասավիկական›› առաջարկները, հրատարակենք Կոմիտասի բանաստեղծությունները (դրանք քանիցս տպագրվել են), եկեք ‹‹մի հատ›› լազերային սկավառակ անենք (Կոմիտասի բոլոր գործերը ձայնագրվել են, կան նաև լազերային սկավառակներ՝ լիուլի. օրինակ՝ Հարություն Թոփիկյանը ձայնագրել և թողարկել է Կոմիտասի բոլոր խմբերգերը), եկեք հրատարակենք Կոմիտասի ձեռագրերի լուսապատճենները, եկեք գնանք ու տարբեր եկեղեցիներում Կոմիտաս երգենք, եկեք հոդվածներ հրապարակենք››:

***
Ողբամ զքեզ, աշխարհ հայոց, զի մշակույթիդ ստվերային համակարգողը տխրահռչակ Արմեն Սմբատյանն է, ում գործունեությունը թե՛ մշակույթի և թե՛ դիվանագիտական ասպարեզներում խայտառակության խարաններ է դաջել երկրի երեսին, ու ինչը մինչև այժմ հեշտ ու հանգիստ մարսվում է:

Ողբամ զքեզ, ‹‹Սիրո և համերաշխության›› հեղափոխություն, քանզի հանրապետության մշակույթի որքան բազմաչարչար, նույնքան էլ բազմահարուստ ոլորտը ի տնօրինում ես հանձնել Մակունցին Լիլիթ: Նախարարական աթոռին բազմած սույն գործիչը հայ արդի ազգային մշակույթն ու արվեստը կառավարում է՝ ականջ դնելով սեռամոլագար պոեզիայի ու սեռավարակակիր նկարչության քարոզիչներ Վիոլետ Գրիգորյանի և Սամվել Սաղաթելյանի հորդորներին և առաջնորդվում է վերջիններիս ճաշակով: Արդյո՞ք այս կերպ Լիլիթ Մակունցի մանկամարդ թիկունքում չի ուրվագծվում Սորոսի դժնդակ կիսադեմը: Ուշադիր հետևելով Մակունցի նախարարական գործունեությանը՝ չեմ կարծում, թե անվարան այլ կերպ կորակեինք:

ՀՀ մշակույթի ներկա նախարարությունն իր օրիորդախառն տիկին նախարարով ակնհայտ դավադրություն է ‹‹Նոր Հայաստանի›› հանդեպ: Եվ մի՞թե ճիշտ ժամանակը չէ նախ մշակել երկրի մշակութային ռազմավարությունը, հստակեցնել Մշնախի իրավասությունների և պատասխանատվության սահմանները և, վերջապես, ‹‹մի հատ›› արժանավոր նախարար գտնել:

Միով բանիվ՝ Լիլիթ Մակունցին, Արմեն Սմբատյանին և Սորոսյան հիմնադրույթներով առաջնորդվող մյուս բոլոր գործիչներին (այս շարքում չմոռանանք ‹‹Կոմիտաս›› թանգարանի տնօրեն Ն. Կոստանդյանին) ուղղակի պետք է մեկուսացնել հասարակությունից: Ուրիշ ոչինչ:

Զարզանդ ԶԵՓՅՈւՌՅԱՆ