Ռուսաստանն Իրանին կօգնի ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցման մեխանիզմ ստեղծելու հարցում: Այդ մասին հայտնել է Mako.co.il հրատարակությունը՝ վկայակոչելով Իսրայելի արտաքին գործերի նախարարության գաղտնի փաստաթուղթը: Նշված է, որ այդ մեխանիզմին հավանություն են տվել Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ղեկավարները եռակողմ գագաթնաժողովում, որը տեղի է ունեցել սեպտեմբերի յոթին Թեհրանում: Ինչպես պարզաբանում է հոդվածի հեղինակ Դանա Վայսը Twitter-ի իր էջում, Իրանն իր նավթը կմատակարարի Կասպից ծովում Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին, իսկ այնուհետեւ այդ նավթը միջազգայինշուկա կուղարկվի որպես ռուսական նավթ: Բացի դրանից, ինչպես պնդում է լրագրողուհին, նման մեխանիզմի ստեղծմանը հավանություն կտան նաեւ Եվրոպայի երկրները, որոնք ցանկանում են այդ միջոցով պահպանել Իրանի հետ միջուկային գործարքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: